Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանը՝ Տիգրան Սարգսյանի մասին․ «Շատ լուրջ փորձ ունի»

Մայիս 07,2013 23:12

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

Հրայր Թամրազյան. – Դուք, ինչ-որ իմաստով, Հայաստանի առաջին օլիգարխն եք, կարո՞ղ ենք այդպես ասել: Թե՞ Դուք դեմ եք այս ձեւակերպմանը:

Խաչատուր Սուքիասյան. – Ես դեմ չեմ` նայած ինչպես եք Դուք պատկերացնում օլիգարխը: Բայց մի բան եմ ուզում ասել. այդ ժամանակ խնդիրներ շատ կային Հայաստանի Հանրապետությունում` նոր էր անկախացել, շրջափակում կար, պատերազմական ժամանակահատված էր: Այդ ժամանակվա օլիգարխ ասվածը անհասկանալի է ինչ էր նշանակում, որովհետեւ քաղաքական համակարգը այնպիսին էր` քաոսային վիճակ էր: Իրենց մոտ կար տպավորութուն, որ մենք հնարավորություն ունեցող ընտանիք ենք, հարյուր կողմից հարվածներ էինք ստանում, ճնշումներ կային մեր վրա` փամփուշտի համար, չգիտեմ ինչի համար… պարզ է, հասկանում ես, որ նոր իշխանություն է…

Հրայր Թամրազյան. – Մենք հիշում ենք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, առաջին անկախ այդ կառավարությունը հրաժարական տվեց, տեղի ունեցավ առաջին իշխանափոխությունը, Ձեր դիրքերը նույնպես թուլացան, որովհետեւ այն ժամանակ նույնիսկ թերթերում գրում էին, որ Խաչատուր Սուքիասյանը կարող է լքել երկիրը:

Խաչատուր Սուքիասյան. – Ես Ձեզ ասեմ ինչպես է եղել. ոչ թե գրել են կարող է լքել, այլ ես եղել եմ Փարիզում: Ռոբերտ Քոչարյանը, երբ եկավ վարչապետ, ինձ զանգահարեց Ալիկ Հարությունյանը, ասաց, որ մենք ճշտել ենք` դուք ոչ մի խնդիր չունեք, դու ազատ ես, Հայաստանում կարող ես գալ գործել եւ պահանջում ենք, որ վերադառնաս: Վերադարձա Հայաստան:

Հրայր Թամրազյան. – Այնուամենայնիվ, Ձեզ ի՞նչը դրդեց, որ 2008 թվականին Դուք կանգնեցիք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին հարթակում: Եթե Ձեզ չեն խանգարել ոչնչով, չեն խոչընդոտել, ապա ինչո՞ւ գնացիք եւ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնեցիք, ինչի՞ց էիք դժգոհ:

Խաչատուր Սուքիասյան. – Որովհետեւ ես ունեմ իմ տեսլականը` ինչ կարգի երկիր պետք է ունենանք: Ասում էին` տասը տարի հետո պետք է Սինգապուրին մոտ լինենք, հետո ես հասկացա, որ առանց հակակշռի հնարավոր չէ, առանց հակակշիռ քաղաքական համակարգի եւ առանց մրցակից տնտեսական համակարգի հնարավոր չէ:

Հրայր Թամրազյան. – Կարծում եք` երկրորդ նախագահի կամ այդ վարչակազմի համար դա հարվա՞ծ էր, երբ Դուք հայտնվեցիք ընդդիմության կողքին:

Խաչատուր Սուքիասյան. – Ես չգիտեմ, իրենք պետք է գնահատեն: Ես ընդհանրապես հիմա ավելի զգույշ եմ` Գերմանիայի Դաշնությունում եմ: Իրենք կարող են ասել:

Հրայր Թամրազյան. – Դուք փաստորեն թաքնվեցիք, երկար ժամանակ չկայիք` 18 ամիս, եւ իրավապահ մարմինները որոնում էին Ձեզ: Խնդրում ենք Ձեզ պատմել` ի՞նչ եք արել, այդ թաքնված օրերին որտե՞ղ եք եղել:

Խաչատուր Սուքիասյան. – Ուսումնասիրում էի:

Հրայր Թամրազյան. – Իսկ կարո՞ղ եք ասել որտեղ եք եղել:

Խաչատուր Սուքիասյան. – Ոչ, չեմ ասի: Կարող է նորից պետք լինի էլի թաքնվել (ծիծաղում է):

Հրայր Թամրազյան. – Դուք համաձա՞յն եք վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման որոշման հետ:

Խաչատուր Սուքիասյան. – Տիգրան Սարգսյանի պես դպրոց, փորձ, այդ կարգի ինստիտուտներում պաշտոն ունեցած մարդ չկա: Շատ լուրջ փորձ ունի այս երկրում: Այս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է: Հիմա պարզ է` ճգնաժամի տարիները ընկավ, բայց ինքը բարեփոխիչ է` բոլորս լավ գիտենք, ինքը լավ տիրապետում է:

Հրայր Թամրազյանը. – Այդ դեպքում ինչո՞ւ չի բարեփոխում:

Խաչատուր Սուքիասյան. – Ես կարծում եմ քաղաքական համակարգից է, իր անձից չէ:

Հրայր Թամրազյան. – Տնտեսագիտության մեջ սեփականության անձեռնմխելիությունը համարվում է սրբության սրբոց: Դառնանք Ձեր դեպքին` «Բջնին» Ձեր ձեռքից վերցրեցին եւ տվեցին մեկ ուրիշին: Այսպես կարելի՞ է ասել:

Խաչատուր Սուքիասյան. – Այո: «Բջնիում» մոտավորապես հազարից ավելի մարդ է աշխատել ժամանակին: Հիմա ես չգիտեմ, քաղաքական այդ որոշումը այդքան արժե՞ր, որ «Բջնիին» այդքան վնաս տրվեց կամ մեզ: Դրանով, ես կարծում եմ, մնացածին էին զսպում` մնացած տնտեսվարողներ սուբյեկտներին: Մի բան ասեմ` հարյուր տարի էլ անցնի, դա չմարսվող գործողություն է:

Հրայր Թամրազյան. – Դուք երբեւէ կփորձե՞ք դա օրինական կարգով վիճարկել:

Խաչատուր Սուքիասյան. – Վիճարկում ենք, գործընթացի մեջ է, եվրոպական դատարաններում է:

Հրայր Թամրազյան. – Ձեզ համարո՞ւմ եք անկախ գործարար:

Խաչատուր Սուքիասյան. – Եթե ուզում եք ասեմ, որ ոչ մեկից կախված չեմ գործողությունների առումով` այո: Բայց քանի որ ցանկացած պետությունում ցանկացած չինովնիկ, ցանկացած ֆունկցիոներ կարող է այլ ձեւով իրեն դրսեւորել, դու արդեն կախված ես:

Հրայր Թամրազյան. – Պարոն Սուքիասյան, Դուք նորից դառնալո՞ւ եք այն Սուքիասյանը, որ կար մինչեւ 2008 թվականը` ակտիվ քաղաքականության մեջ:

Խաչատուր Սուքիասյան. – Բայց ի՞նչ է եղել, ե՛ւ քաղաքական ակտիվ եմ լինելու, ե՛ւ տնտեսական ակտիվ եմ լինելու, նոր ծրագրեր եմ իրականցնելու: Ազգային ժողովում կարող է արդեն համարեմ պետք չէ այդքան ժամանակ ծախսել, բայց ակտիվ եմ լինելու, տնտեսական նոր ծրագրեր եմ իրականացնելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի՞ թե՛ այս մասշտաբի գործարարը տեղյակ չէ,՝ թե ով է Տիգրան Սարգսյանը, եթե իհարկե խոսքը
    գործող վարչապետի մասին է, որը բացի աբստրակտ ծրագրերից,՝ չունի գոնե մեկ իրականը: Մի՞ թե՛
    այս մասշտաբի գործարարին չի հուզում այն փաստը, որ խաթարվել է ազգի բարոյական առանցքը,
    առանց որի հնարավոր չէ իրականացնել որևէ,՝ թէ՛ տնտեսական և թե՛ քաղաքական բարեփոխում:
    Վերջապես պետք է հասկանալ, որ օտարն է զավթել երկիրը, և բոլորովին պարտադիր չէ, նրանց
    ազգանունները՝ ունի յան վերջավորություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031