Քիչ առաջ ավարտվել են ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնց ժամանակ հաստատվել է կառավարության նոր կազմը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրակարգում եղել են երկու հարցեր` Երեւանի ավագանու ընտրությունների ամփոփում:
Կուսակցության ղեկավար մարմինը դրական է գնահատել ընտրությունների որակը եւ արդյունքները: «Մենք պետք է արդարացնենք երեւանցիների`մեզ վստահված քվեն»:
Ապա քննարկվել եւ հաստատվել է նաեւ նոր կառավարության կազմը: Վարչապետի առաջարկով եւ կուսակցության ղեկավար մարմինների համաձայնությամբ, կառավարության կառուցվածքում փոփոխություն է իրականացվել եւ կառավարության աշխատակազմի ղեկավարը նաեւ նախարարի ֆունկցիա կունենա: Այդ պաշտոնը կզբաղեցնի Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Յուրի Վարդանյանը`փոխարինելով ԲՀԿ-ական Հրաչ Ռոստոմյանին:
Կարդացեք նաև
Ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի Դավիթ Սարգսյանը, ով զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վահրամ Ավանեսյանը, ով միջազգային փորձագետ է: Մնացյալ նախկին նախարարները կշարունակեն պաշտոնավարել: Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը կլինի առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը:
ՕԵԿ-ի քվոտայով նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները: Տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կշարունակի պաշտոնավարել: Մարզպետների, փոխմարզպետների եւ կառուցվածքային այլ փոփոխությունների հարցեր չեն քննարկվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ