ՀԱԿ կուսակցության անդամ Արեգ Գեւորգյանը Երեւանի ավագանու ընտրություններում եղել է 9/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ: 7or.am-ի հետ զրույցում նա խոսելով ոչ իշխանական ուժերի հետ տեղամասում համագործակցության մասին, այսպիսի հայտարարություն էր արել. «Այն տեղամասում, որտեղ ես էի, համագործակցություն եղավ ԲՀԿ ներկայացուցչի հետ` ընտրողների ցուցակները վերահսկելու գործում: Սակայն, բարդ էր աշխատանքը մյուսների հետ: Իմ օրինական գործողություններին առաջին ընդդիմացողները ՀՅԴ եւ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներն էին: Հանձնաժողվի նախագահը, որ «Ժառանգության» կողմից էր ներկայացված, բացահայտ համագործակցում էր ՀՀԿ ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հրաժարվեց ինձ տրամադրել քաղվածք` արձանագրված ընտրախախտումների մասին, ինչի վերաբերյալ ես եւ ՀԱԿ վստահված անձը նախապատրաստեցինք հաղորդում հանցագործության մասին եւ պատրաստվում ենք այն ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ոչ մի խնդիր չկա եւ ՀԱԿ-ը կարող է հանգիստ դիմել համապատասխան մարմիններին: Ավելին՝ նա ողջունեց այդ քայլը. «Ոչ մի տեսակի խնդիր չեմ տեսնում: Թող դիմի, խնդիր չկա: Իհարկե, եթե ինքը նկատում է, որ որեւէ հանձնաժողովի անդամ է, նախագահ է, կապ չունի, եթե իրենք օրենքի շրջանակում չեն գործում, իհարկե պատժման ենթակա են»:
Մեր հարցին՝ նման դավաճան հանձնաժողովականներ շա՞տ եք ունեցել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դավաճան մի քիչ բան է հնչում, երդում չենք վերցրել, որ հիմա էլ ասենք դավաճան է, բայց ցանկացած դեպքում, անկախ նրանից թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, եթե օրենքի սահմանից դուրս է գտնվում, ապօրինություն է կատարում, իհարկե, պատժի ենթակա է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ