Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը 2013 թվականի փետրվարի 25-ին որոշում է ընդունել լուծել «ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Անետա Սարգսյանի հետ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին կնքած աշխատանքային պայմանագիրը եւ այդ դպրոցի գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել դպրոցի փոխտնօրեն Անուշ Օհանյանի վրա: Նշենք, որ Անետա Սարգսյանը երկար տարիներ ղեկավարելով Ոսկեվանի դպրոցը`գտնվում է կենսաթոշակային տարիքում:
Ոսկեվանի դպրոցի կառավարման խորհուրդը մրցույթ էր հայտարարել կրթօջախի տնօրենի թափուր տեղի համար: Մրցույթը կայացավ ապրիլի 25-ին: Տնօրենի թափուր տեղին հավակնում էին երկու թեկնածու` նախկինում Ոսկեվանի դպրոցում որպես աշխարհագրության ուսուցիչ աշխատած Գարիկ Մամյանը եւ այդ դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Գոհար Տիրացվյանը: Քվեարկության արդյունքում Գոհար Տիրացվյանը ստացել է 4, իսկ Գարիկ Մամյանը՝ 3 ձայն: Դպրոցի կառավարման խորհրդի 8-րդ անդամը`Ոսկեվանի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ Պապինյանը չի մասնակցել քվեարկությանը: Ոսկեվանի դպրոցից ստացված տվյալներով` տիկին Պապինյանի վրա ճնշումներ են եղել, որպեսզի նա չմասնակցի քվեարկությանը: Այլապես նա ձայն էր տալու երկար տարիների իր գործընկեր Գոհար Տիրացվյանին, վերջինս ընտրվելու էր դպրոցի տնօրեն: Անահիտ Պապինյանը գրավոր հայտնել է, թե առողջական խնդիրներ ունի եւ չի մասնակցել քվեարկությանը:
Մեր տեղեկություններով Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ցանկանում է Նոյեմբերյանի քաղաքի բնակիչ, երիտասարդ ՀՀԿ-ական Գարիկ Մամյանին դարձնել Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրեն: Նշենք, որ Գոհար Տիրացվյանը Ոսկեվանի բնակչուհի է, նա անկուսակցական է, արդեն 16 տարի Ոսկեվանի դպրոցի տնօրենի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալն է, նաեւ՝ դպրոցի արհմիութենական կազմակերպության ղեկավարը: Հունիսի 4-ին Ոսկեվանի դպրոցում կրկին տնօրենի թափուր տեղի համար մրցույթ կկայանա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ