Զույգերը միմյանց հետ ծանոթանում են աշխատավայրում, միջոցառումների, ծննդյան, հարսանեկան և այլ արարողությունների ժամանակ, համացանցում, փողոցում և այլն: Եթե երկուսն էլ առաջին հայացքից համակրում են միմյանց, ապա շփումը շարունակվում է: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե որտեղ և ինչ պայմաններում են ծանոթանում ապագա սիրահարները:
-Ընկերուհուս հետ ծանոթացել եմ դպրոցում, երբ տեղափոխվեց մեր դասարան: Հենց սկզբից հավանեցի: Դասերի ժամանակ նրա կողքին էի նստում, միասին բուֆետ գնում, իսկ եթե դասարանով ինչ-որ տեղ էինք գնում, անպայման միասին էինք: Դպորցն ավարտելուց հետ սկսեցինք ընկերություն անել (19-ամյա Վարդան):
-Ընկերոջս հետ ծանոթացել եմ համացանցով՝ ընդհանուր ընկերներիս միջոցով. միամտաբար հյուր էի գնացել, իսկ նա ոչ միայն պատասխան այցելությունն էր կատարել, այլև գնահատել էր նկարներս և նամակ գրել: Ես չէի պատասխանում նրա բոլոր նամակներին: Նա ինքն ինձ գտավ և միայն այդ ժամանակ մենք սկսեցինք շփվել՝ իրական կյանքում և ոչ թե օնլայն հարթակում, ինչն ավելի ճիշտ է (22-ամյա Ռիմա):
-Նարինեին առաջին անգամ մետրոյում եմ տեսել…Դիմացս նստած գեղեցիկ աղջիկ էր, ով անընդհատ ժամին էր նայում: Այնպիսի զգացողություն ունեի՝ ասես մեկն ասեր՝ նա քո բախտն է, բռնիր նրան, ու բռնեցի: Վազում էր, որ չուշանար աշխատանքից, ես էլ նրա ետևից էի վազում, որ չկորցնեմ: Աշխատում էր տեխնիկայի խանութում, հաջորդ օրը նրան տեսնելու համար գնացի ու ֆոտոխցիկ գնեցի: Ամեն անգամ գնում էի, մինչև հասա ուզածիս: Հիմա նա կինս է: (26-ամյա Գուրգեն)
-Լուիզային սիրահարվեցի հանրահավաքի ժամանակ: Մոտեցա մեր համակիր կուսակցությունից որոշ բաներ հարցնելու, բայց իրականում ուզում էի ծանոթանալ: Իմացա որտեղ է սովորում, ինչով է զբաղվում: Երկուսս անմիջական մարդիկ ենք, այնպես որ դժվարություն չեղավ համարը վերցնելու հարցում: Հիմա մենք հանդիպում ենք, բայց ոչ թե Ազատության հրապարակում, այլ զբոսայգիներում և սրճարաններում: Նա դեռ ոչինչ չի պատասխանել, բայց համոզված եմ՝ հավանում է ինձ, հակառակ դեպքում չէր էլ խոսի… ժամանակի հարց է, դե աղջիկ է, ուզում է կողմնորոշվի, որ չսխալվի, վաղ թե ուշ «այո» կասի: (24-ամյա Վահագ)
Երբեմն ոչ միայն տղաներն են ոգևորված աղջիկների հետ ծանոթանալու հարցում, այլև հենց աղջիկները.
-Ընկերուհուս դասարանի հետ քաղաքից դուրս էի գնացել անցյալ ամռանը: Այնտեղ մի տղա կար, ով ինձ պես այդ դասարանի աշակերտներից մեկի մտերիմ ընկերն էր, բայց դպրոցում չէր սովորում: Հաճելի, բարեկիրթ տղա էր: Շատ էի ուզում այդ օրվանից հետո նրա հետ շարունակել մեր շփումը այդ իսկ պատճառով երբ աղջիկներով սար էինք բարձրանում, նրանից համարը ուզեցի, որ եթե մի բան այն չլինի , անպայման զանգեմ: Համարս գրանցեց , մեկ շաբաթ անց զանգեց, ու այդպես էլ մտերմացանք ( 19-ամյա Սոնա):
Ի դեպ, հակառակ սեռի անձանց միջև համակրանքն առաջանում է 6-րդ հայացքից, իսկ սիրահարությունը սովորաբար նկատվում է 14 հանդիպումներից հետո: Փաստում է բրիտանական կայքերից մեկը:
Նազենի Բաղդասարյան