Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը պատրաստ է աջակցել վերամշակված ապրանքների իրացմանը

Մայիս 07,2013 19:22

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում  տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոլորտը ներկայացնող շուրջ 80 ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, հրավիրվել էր վարչապետ Սարգսյանի հանձնարարականով` երկու շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում:

Handipum--gyuxmteroxneri-het-7.05.13

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել քննարկման հրավերն ընդունելու համար. «Այս խորհրդակցությունը վերաբերում է գյուղատնտեսությանը, մթերման ու վերամշակման խնդրին և գյուղատնտեսական ապրանքների արտադրությունից մինչև սպառում շղթային: Ձեզ հետ մտադիր ենք քննարկել առկա խնդիրները և լսել ոլորտի մասնագետների կարծիքը, թե ինչ համատեղ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի ոլորտում լրջագույն առաջընթաց ունենանք»:

Արտահանման խթանման ուղղությամբ իրականացվող քայլերի և ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով հանդես  են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, «Զարգացման հայկական գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկությունները հիմնականում ֆինանսական միջոցների մատչելիության, արտաքին շուկայում արտադրանքի առաջմղման և օժանդակ նյութերի ներմուծման պայմանների բարելավման վերաբերյալ:

Ամփոփելով հնչեցված հարցադրումները` Տիգրան Սարգսյանը նշել է, որ գործարարների կողմից ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման ընթացքի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացված տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ հայկական վերամշակող ձեռնարկությունները խնդիրներ ունեն իրացման բնագավառում և պետության աջակցությունն են ակնկալում: Վարչապետն առանձնացրել է բարձրացված հարցերի երկու խումբ. «Առաջինը ֆինանսական ոլորտի խնդիրներն են: Այս տարի մտադիր ենք ստեղծել արտահանումն ապահովագրող պետական կառույց, որը մասնագիտանալու է արտահանման ռիսկերի գնահատման գործում: Դա պետության կողմից լուրջ աջակցություն կլինի արտահանման գործում մասնագիտացող կազմակերպություններին:

Երկրորդ խնդիրն այն է, թե արդյոք նպատակահարմա՞ր է պետության մասնակցությամբ միավորել փոքր և միջին ձեռնարկությունները` ստեղծելով համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է լինելու վերամշակված գյուղմթերքների արտահանմամբ զբաղվելը: Մենք պատրաստ ենք քննարկել դա և առարկայորեն աշխատել այն ձեռնարկությունների հետ, որոնք համաձայն են պետության հետ միասին մասնակցել այդպիսի կորպորացիայում: Այդ հարցը մեր օրակարգում կա, ամեն ինչ կախված է մասնավոր հատվածից: Եթե մասնավոր հատվածը շահագրգռված է, ապա պետությունը պատրաստ է աջակցել այդ հարցում»:

Վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարությունը. «Մենք ունենք 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնք մշակում են 400 հազար հա հող: Այս պարագայում անհնար է ունենալ արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն, որովհետև գյուղատնտեսական ապրանքի  ինքնարժեքը բարձր է լինելու: Սա պետք է մտահոգի վերամշակող ձեռնարկություններին, որոնք գյուղացուց գյուղապրանքներ են ձեռք բերում: Գյուղատնտեսությունում էժանացման ճանապարհը արդյունավետության բարձրացումն է, իսկ դա նշանակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացում, որպեսզի ինքնարժեքը նվազի: Պետությունը վարելու է գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերի պարտադիր մշակման քաղաքականություն: Չմշակվող հողերի համար սեփականատերերը կամ պետք է տույժ վճարեն, կամ օտարեն դրանք:

Վերջին երեք տարում մենք էական ֆինանսական օժանդակություն ենք ցույց տվել գյուղացուն` նպատակ ունենալով էժանացնել գյուղապրանքների ինքնարժեքը. տարեկան մի քանի միլիարդ դրամ ենք հատկացնում, որպեսզի պարարտանյութը, սերմացուն և վառելիքը էժան ու հասանելի լինեն գյուղացուն: Սա նաև անուղղակի օժանդակություն է վերամշակող ձեռնարկություններին, որովհետև մթերքները հասնում են ավելի էժան` հաշվի առնելով, որ այդ ինքնարժեքի մեջ է նաև պետության օժանդակության շրջանակում տրամադրված գումարը: Բայց մեր հիմնական թիրախը վերամշակված ապրանքների իրացումն է: Այդ շղթան կաշխատի, եթե կարողանանք ապրանքներն իրացնել, և առաջիկա տարիների համար հիմնական պետական օժանդակությունը լինելու է այդ ուղղությամբ»:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է քննարկել բոլոր առաջարկություններն արտաքին շուկաներում վերամշակված գյուղապրանքների  իրացման հնարավորությունների վերաբերյալ և կարևորել է ՀՀ բազմաթիվ կազմակերպությունների դրական փորձի տարածումը սկսնակ ձեռնարկություններում: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ հնչեցված, գրավոր ներկայացված բոլոր հարցադրումները, ինչպես նաև առաջարկությունները կքննարկվեն և դրանց հիման վրա հանձնարարականներ  կտրվեն պատասխանատու գերատեսչություններին: Ընդգծելով երկխոսության շարունակակության կարևորությունը` վարչապետը նշել է, որ գործարարների հետ հաջորդ հանդիպմանը կքննարկվի միջոցառումների ծրագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031