ՀՀ կառավարությունն իր այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից 3 միլիոն դրամ է հատկացրել`«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության կողմից ներկրված 500 հաշմանդամի սայլակները հավաքելու եւ «Փյունիկ» միության միջոցով կարիքավոր անձանց`այդ թվում նաեւ հաշմանդամներին իրենց բնակության հասցեներում տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Ըստ նույն աղբյուրի, միջոցները «Փյունիկ» միությանը կհատկացվեն սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա :
«Փյունիկ» միությունը հավաքվող սայլակները կարիքավոր անձանց կբաշխի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հաստատած ցուցակներով: Նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը կառավարությանը հայտնել է, որ չնայած ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշմամբ պետական բյուջեի միջոցների շրջանակներում հաշմանդամի սայլակները տրամադրվում են միայն հաշմանդամներին, սակայն սայլակների կարիք ունեն ոչ միայն հաշմանդամները, այլ նաեւ տարեցները: Ուստի «Փյունիկ» միություն» հ/կ-ն
դիմել է նախարարությանը բարեգործական օգնության կարգով ստացված 500 հատ հաշմանդամի սայլակները հավաքելու եւ հաշմանդամներին ու տարեցներին տրամադրելու նպատակով: Ըստ պարոն Ասատրյանի, 1 սայլակի հավաքման եւ հաշմանդամին տրամադրման միջին արժեքը կազմում է 6000 դրամ:
Նշենք, որ ամեն տարի պետբյուջեով հաշմանդամ մարդկանց տրամադրելու նպատակով նախատեսվում է 400-500 հատ հաշմանդամի սայլակների գնում, որը չի բավականացնում սայլակի կարիք ունեցող բոլոր հաշմանդամներին տրամադրելու համար, մյուս կողմից, կան տարեցներ, որոնք նույնպես կարիք ունեն սայլակների օգտագործման, որոնք չունեն հաշմանդամության խումբ եւ վերոնշյալ որոշման համաձայն, նրանց չեն կարող տրամադրվել սայլակներ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ