Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ գյումրեցիները շան տեղ չեն դնում ընտրակաշառքն ու թաղային հեղինակություններին

Մայիս 07,2013 17:53

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով Երևանի ավագանու ընտրությունները, իր զարմանքը հայտնեց, որ այնտեղ դեռ մեծ դերակատարություն ունեն թաղային հեղինակություններն ու ընտրակաշառքը: «Արդեն որերորդ անգամն է` ականատես ենք լինում, որ Գյումրիում թաղային հեղինակություններն ու ընտրակաշառքը բացարձակապես դեր չեն կատարում: Իհարկե, թաղային հեղինակությունները փորձ կատարեցին ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, սակայն գյումրեցիները նրանց մերժեցին: Զարմանալի էր, որ մայրաքաղաքում, որը իր մեջ էր ընդգրկում հանրապետության էլիտան`թե մշակութային, թե գիտական, ենթարկվեց այս ճնշումներին:

Իսկ Գյումրիում այսպիսի գործոնների ազդեցություն չունենալը ունի լուրջ պատճառներ: Գյումրեցիները ավելի շատ ընդդիմացան այն անպատժելի ու լկտի մթնոլորտին, որը ձևավորվել էր վերջին տարիներին իրենց քաղաքում: Ժողովուրդը սրան ընդդիմացավ ավելի շատ, և ընդդիմացավ այն կուսակցությանը, որը պաշտպանում էր այդ համակարգը Գյումրիում: Իսկ Երևանում հնարավոր չէր այդ աստիճանի լկտիանալ և այդ աստիճանի անպատժելի մթնոլորտ ստեղծել, որովհետև դա մայրաքաղաք է: Ամեն մի հանցագործություն ու անպատժելիություն բումերանգի նման հարվածում է իշխանություններին: Իսկ Գյումրիի պարագայում, Գյումրին հեռու էր, իշխանություններն էլ շատ էին երես տվել մի քանի հոգու էստեղ»,- ասում է քաղաքագետը:

ՀՀԿ-ի հաղթանակը, ըստ նրա, պայմանավորված էր նաև նրանով, որ մյուս կուսակցությունները այդքան էլ հարմար թեկնածու չէին առաջադրել քաղաքապետի պաշտոնի համար: «Օրինակ` ԲՀԿ-ի պարագայում վստահ եմ, որ այս կուսակցությունը ավելի մեծ հաջողությունների կհասներ, եթե ասենք Գուրգեն Արսենյանը առաջադրեր իր թեկնածությունը, այլ ոչ թե նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, էլ չեմ խոսում Գագիկ Ծառուկյանի մասին: Բացի այդ, ԲՀԿ-ն ավելին կստանար, եթե իր սեփական թեկնածուով ներկայացված լիներ նախագահական ընտրություններում: ՀԱԿ-ի պարագայում այլ կլիներ պատկերը, եթե Վահագն Խաչատրյանի փոխարեն Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրեր իր թեկնածությունը, իսկ ինչո՞ւ ոչ: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կարող էր ավելին ստանալ, եթե հենց ինքը առաջադրվեր, ոչ թե Արմեն Մարտիրոսյանը, թեև վերջինս բավական պոպուլյար քաղաքական գործիչ է և ժողովրդին շատ մոտ գտնվող: Բայց էստեղ խնդիրն այն է, որ Տարոն Մարգարյանի կողքին մյուս կուսակցությունների քաղաքապետի թեկնածուները ավելի թույլ էին: Ստացվեց, որ եթե 2009 թվականի մայիսի 31-ի ընտրությունների արդյունքում Հանրապետականը ուներ 47,5 տոկոս, հիմա ունի 56 տոկոս` 55,9 : Այսինքն, այս կուսակցությունը լիովին վերահսկում է ավագանու ինստիտուտը, և այս պարագայում որևիցե կոալիցիա կազմելու իմաստ չկա: Հանրապետականը կարող է միանձնյա ղեկավարել ամբողջ Երևանը, կոալիցիա կազմելու պատճառ չունի»:

Ըստ մեր զրուցակցի, չնայած սրան` Հանրապետականը պետք է հաշվի առնի, որ ընտրություններին չեն մասնակցել ընտրողների 47 տոկոսը, որոնց մեծ մասը իշխանությանը ընդդիմացող հատվածն է, մասնակիցների 45 տոկոսն էլ իրենց չի ընտրել:

Իսկ Հանրապետականը, ըստ մեր զրուցակցի, եթե ուզում է նորմալ ղեկավարել, պիտի համագործակցի բոլոր մյուս ուժերի հետ `անխտիր: « Հարցն այն է, որ մեզ մոտ ձևավորված կոալիցիաները շատ շինծու են, մեզ մոտ ասում են` մենք կոալիցիա ունենք, ի՞նչ կոալիցիայի մասին է խոսքը, եթե դու ԱԺ-ում ունես 50 տոկոսից ավել ձայն, ո՞ւմ է պետք այդ կոալիցիան: Բոլոր խելամիտ մարդիկ հասկանում են, որ դա շինծու բան է, որպեսզի մենք եվրոպացիներին ներկայանանք, որ մեզ մոտ էլ կոալիցիա կա: Ո՞ւմ հետ ես կոալիցիա կազմում, 5 տոկոս ձայն ստացած կուսակցության հե՞տ: Կոալիցիա չեն կազմում աջ ու ձախ խոսելու համար, որ մենք կոալիցիա ունենք, կոալիցիա կազմում են, որպեսզի կոալիցիայի անդամ բոլոր կուսակցությունների ծրագրային դրույթների պիտանի մասերը ընդգրկվեն կառավարության վարած քաղաքականության մեջ»,-ասում է Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armine G says:

    Առաջարկում եմ Գյումրին դարցնել Հայաստանի մայրաքաղաք:

  2. Maxim says:

    Վերնագրի հարցադրմանը պետք է պատասխանել,՝ քանի որ Գյումրեցին ունի նամուս, թասիբ և
    ինքնասիրություն, ի տարբերություն երևանցու, որտեղ հավաքվել են՝ արարատյան դաշտավայրից,
    սյունիքից, տավուշից, … և իհարկե՝ ղարաբաղից, յուրաքանչյուրը բերելով իրենց ,,մեղմ ասած,, գավառական կիսագրագետ, անտաշ, լկտի կուլտուրան, փաթաթելով այն խեղճ ու կրակ երևանցիների
    վզին, ովքեր հնարավորություն չունեն լքել երկիրը, ոմանք էլ եկվորնրից ավելի վատն են: Մեկ առ
    մեկ տեսեք ովքեր են երկրի առաջին դեմքերը: Մի՞ թե՛ դրանցից կարելի է լավ բան սպասել, ինչ
    մնաց երկիր կառուցել: Ողջ աշխարհը, նաև Աֆրիկան քիչ թե շատ առաջ է գնում տնտեսական
    ռեֆորմներով, իսկ սրանց միակ գործունեությունը՝ ցանկացած %-ով պարտք անելն է և իրար մեջ
    կիսելը, անունը դնել՝ դիվերսիֆիկացիա, կամ մեկ այլ հիմարություն, թողելով հաջորդ սերնդին
    ահռելի պարտքեր, պոչանբարներ, և էկոլոգիական աղետ և առանց ամաչելու պարծենալով,՝ թե՛
    ուզենք 90 կխփենք,….. ուզենք 58: Պետք է երկրի համար սրտացավ մարդիք, ,, որոնք քիչ չեն և խորին երախտագիտություն նրանց,, լայն մասսաներին ներկայացնեն՝ Բյուզանդիայի կործանման
    վերլուծությունը, որը սկսեց հոգեբանական կործանումից,՝ պետության և հավատի բոլոր օղակներում: Ի՞նչ է մտածում ազգի մտավորականությունը, մի՞ թե՛ ընդհամենը՝ այդ մի քանի անձիք են, որոնք ինչպես ասում են կարծես սպիտակ ագռավ լինեն՝ մնացածի մեջ:

  3. nune says:

    Հարգելի Մաքսիմ, ավելի անտաշ և լկտիություն եմ համարում մարզերի ժողովրդին մեկ արշինով չափելը և միայն երևանցիներին էլիտա համարելը: Ինչ է նշանակում : Դուք երևի կարծում եք մարզերում ապրողները ավելի վատ կրթություն ու մշակույթ ունեն? Ինչպիսի դատողություն, զարմանում եմ, ձեզ նմաններն են մասնատում Հայաստանը, դուք ել եք երևի մտածում, որ Հայաստան ասելիս հասկանում ենք Երևանը, իսկ թե մարզերում ինչ է կատարվում դա արդեն հետաքրքիր չէ: Միգուցե էդ անտաշ Սյունիքը կամ Տավուշը տանք հարևաններին? ինչ կարծիքի եք?

  4. Maxim says:

    Հարգելի՝ nune, իմ կարծիքով ես այդքան անտաշ չեն, որքան որ Ձեր արդար դիտողությամբ,՝ ինձ
    դրսեվորեցի իմ մեկնաբանության մեջ: Իմ ծնողներս Սյունիքի մարզից են, ովքեր՝ պատերազմի
    ավարտից հետո դուրս են եկել հայրենի գյուղից: Իմ երեք մտերիմ ընկերները, որոնց հետ ունեմ
    չորս տասնյակ տարվա եղբայրական կապ, մեկը Ղարբաղի Հադրութի շրջանի Տումի գյուղից է, և իր
    նկարագրելով աշխարհի ամենասիրուն գյուղն է, ամենալավ մարդկանցով և ես համոզված են որ ճիշտ
    է ասում, քանի որ նա երբեք չի ստում: Մյուս երկու ընկերներս նույնպես Երևանից չեն, թեպետ այստեղ էնք ծանոթացել և այստեղ են ապրում, և որևէ մեկս չենք կարող ասել թե՛ ով է Երևանցի, իսկ ով ոչ: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ,՝ ապա ես այսօր ոչ Երևանցի եմ, ոչ էլ Հայաստանի քաղաքացի:
    Հասկանալի է, որ միանշանակ ոչինչ չի կարելի ասել՝ ,,բացարձակը է այն՝, որ ամեն ինչ հարաբերական է,,: Իմ մտերիմների կամ ծանոթների մեջ չկա Գյումրեցի, բայց այսօր Գյումրեցու տեսակը ինձ հանար շատ ավելի է հոգեհարազատ, քան իմ ծնողական ծննդավայրը, կամ մեկ այլ վայր, քաջատեղյակ լինելով Գյումրու կլանների մասին, բայց Գյումրեցին առաջինը ասաց,՝ ոչ ստին:
    Ես եղել եմ աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում և ամենազարգացած, և ճիշտը իմ աչքով եմ
    տեսել, որ երբեք՝ ստով, կեղծիքով, թալանով, երկիր չես կառուցի այլ հակառակն ՝ կկործանես, ինչը
    որ տեղի է ունեցել երեկ, այսօր, մայիսի 5-ին բոլորիս աչքի առաջ, և անտարբերության մթնոլորտում:
    Թույլ տվեք Ձեզ ասեմ հարազատս՝ ,,հույս ունենալով, որ Դուք ինձանից քիչ չեք մտահոգված երկրի ճակատագրով,, երբեք մի հարգեք այն իրենց տղամարդ համարողներին, ովքեր մթգնած
    ուղեղներով, ծառայեցին տարոնի քաղաքապետի պաշտոնը զավթելու համար, առանց խղճի խայթի, ամոթի, նամուսի, թասիբի, անկախ նրանից,՝ Ձեր հարևաններն են, թե՛ բարեկամները: Իսկ
    եթե ասեք Ձեր շրջապատում այդպիսիք չկան, ապա մեղմ ասած չեմ հավատում, քանի որ իմ աչքով
    տեսա թե ինչ էր կատարվում, այդ թվում և իմ մտերիմների մասնակցությանբ:
    Եթե հերթական անգամ վիրավորանքի նշույլ նկատեք իմ բողոքում,՝ խնդրում եմ ներեք:

  5. nune says:

    Ես շատ հարցերում եմ համամիտ Ձեր հետ, առաջին անգամ հպարտացա իմ հայրենի Կապանով ու կապանցիներով, որովհետև նրանք էլ վերջապես այս ընտրություններում ոչ ասեցին Սերժին ու նրա կառավարությանը: Խեղճ է իմ ժողովուրդը դարձել, այսքան հերոսներ ծնող, այսքան քաջեր ծնող իմ ժողովրդին այսօր շատ շատ են խեղճացրել մեր իշխանությունները, հատկապես մարզերում ապրողներին այն էլ հեռավոր: Մոռացված ենք մենք այս հեռավոր մարզում ապրելով, ամենաթանկ պայմաններում են ապրում սյունեցիները, դրա համար էլ մարդիկ փախնում են մայրաքաղաք ու այդտեղ էլ դուք նրանց ասում եք անտաշ լկտի կուլտուրա ունեցողներ: Կլինեն նմանները, բայց ոչ բոլորն են այդպիսին: Ճիշտ եք ասում, տեսնում ենք երկրի առաջին դեմքերին ու շատ վատ է… ողբալի…Ողբամ քեզ Հայաստան…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031