Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացի կանայք` անբաշար գյուղապետի, վարչապետի ու վարկերի մասին (Տեսանյութ)

Մայիս 07,2013 17:21

Գյուղատնտեսությունը պետք է ապահովագրվի. Այսօր այսպիսի կարծիք հայտնեցին Aravot.am-ի հետ զրույցում գյուղացի կանայք, որոնք մասնակցում էին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի»`«Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատանքային քննարկմանը:

Հանրապետության տարբեր մարզերից գյուղացիական տնտեսություններում ներգրավված ակտիվ կանայք եւ ոլորտի տարբեր մասնագետներ հավաքվել էին եւ քննարկում էին, թե որոնք են այսօր առաջնային խնդիրները եւ ինչպես դրանք պետք է լուծվեն:

«Այսօր կարկուտ, վաղը` երաշտ, կամ ցրտահարություն, գյուղացին վարկ է վերցրել, բերքը կորցրեց, բա ո՞նց փակի վարկը: Գյուղատնտեսությունն անպայման պետք է ապահովագրվի, այս մասին պիտի պետությունը մտածի: Կառավարությունը պետք է գյուղացու խնդիրներին ճիշտ իրազեկված լինի ու անմիջապես գյուղացուց, ոչ թե նախարարությունից: Վարչապետը հանդիպում է խոշոր արտադրողների հետ, որոնց ձեռք չի տալիս, որ գյուղացին մի քիչ բարձր գնով վաճառի բերքը, արտադրողը բոլոր ճանապարհները փակում է, որպեսզի մեր ապրանքը շատ էժան վաճառենք: Գյուղապետն ասում է` իմ հողերի 10%-ն եմ մշակում, չի ասում` ես անբաշար եմ, չեմ կարում գյուղտեխնիկա բերեմ, իսկ գյուղացին ոչ մի հնարավորություն չունի ինքնուրույն անի, ուժ էլ չունի, որ գնա իր ձեռքերով բահով հողը փորի: Հողի, ջրի վարձը բարձր, բայց արդյունք չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում իրենց խնդիրների մասին կիսվեցին Արագածոտնի մարզի Օշականի բնակիչները: Նրանց ներկայացմամբ` անգամ ՓՄՁ ԶԱԳ-ից վարկ վերցնելը, որը կարծես թե պետք է ձեռնտու լինի գյուղացիներին, քանի որ ցածր տոկոսով է, բայց դա էլ ձեռնտու չէ. «Վարկը տալիս է, պետությունը գարանտ է կանգնում, բայց գյուղացին փողը ստանում է ոչ ճիշտ ժամանակին, դեռ բերք չստացած, նա արդեն պիտի տոկոս վճարի: Պոմիդորի համար վարկ եմ ուզում վերցնել, հիմա վերցնեմ, բայց պոմիդորը կարող եմ վաճառել սեպտեմբերին, այսինքն բերք չստացած, չիրացրած, ես մի քանի ամիս պիտի վարկ մուծեմ»:

Մանրամասները` տեսանյութում

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» ղեկավար Լիլիթ Ասատրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագրով տարբեր աջակցություններ են ցուցաբերում կանանց. ծրագրի բացադրիչներից է նաեւ գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց բիզնես ծրագրելու ուսուցում, խորհրդատվություն` թե ինչ պետք է արվի հաջողության հասնելու համար. «Նախնական մեր հետազոտության արդյունքում մենք պարզեցինք, որ այդ կանանց մեծ հաջողությունների չհասնելու հիմնական պատճառը ձեռնարկատիրական գիտելիքների պակասն է: Ուսուցման նպատակներից մեկն էլ` հենց գյուղում իրենց աշխատանքին որպես բիզնես վերաբերվել ու սովորեցնել ինչ անել»:

Լիլիթ Ասատրյանն էլ նշեց, որ գյուղացիների հետ երկարատեւ աշխատելուց հետո, համոզվել են, եւ դա հենց գյուղացիք են պնդում, որ այդ ոլորտը պետք է ապահովագրել, ընդ որում, դրա համար պետական մոտեցում է անհրաժեշտ, այսինքն՝ մշակել Հայաստանին հարմար գյուղապահովագրության մի մոդել: Բացի այս խնդրից, տիկին Ասատրյանն առանձնացրեց նաեւ, այսպես ասած` ջրի խնդիրը. «Մյուս ռազմավարական խնդիրը ջրի, այսինքն` ոռոգման խնդիրն է: Հատկապես Արարատյան դաշտավայրում, որը երկիրը սնուցող տարածքն է, իսկ այսօր Արարատյան դաշտավայրը մարդկային գործոնի հետեւանքով կանգնած է անապատացման եզրին: Տարեբեր բիզնեսների շահերի բախման արդյունքում, ստացվում է, որ մեր երկրի ընդերքը, որը ժամանակին միշտ հարուստ է եղել ջրով, հիմա ջրից զրկված է: Գյուղացիները, որ միշտ հող են մշակել ու միշտ ունեցել են առատ բերք, այսօր չկա այդ բերքը, քանի որ չկա համապատասխան ոռոգում»:

Լիլիթ Ասատրյանի վստահեցմամբ` գյուղացիների ու ոլորտի մասնագետների հետ քննարկվող խնդիրներն ու դրանց վերաբերյալ կարծիքները համակարգված ներկայացվելու է կառավարությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031