Կարինե Ջանջուղազյանը՝ ընտրությունների եւ մթնոլորտի մասին
Կարինե Ջանջուղազյանը, բացի սիրված ու շնորհաշատ դերասանուհի լինելուց, նաեւ խորը մարդ է ու ակտիվ քաղաքացի: Մեր իրականությունում կատարվող ամեն ինչը նա անցկացնում է իր «ներսով», որովհետեւ, ի տարբերություն պալատական որոշ «սազանդար» արվեստագետների, իր եսն ունի, անհատականություն է:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Ջանջուղազյանն ասաց, որ անչափ զայրացած է ընտրությունների օրը ճայթած, խլացնող անհարկի հրավառությունից. «Այնքան վիրավորված էի, որ Ֆեյսբուքի իմ էջում էլ եմ գրել: Դա պարզապես նենգության, անառակության նման մի բան է, դիվային հրավառություն… Ցնծում էին, շատ լավ իմանալով, որ այդ ամենը շինծու է: Ի՞նչ հաղթանակ էին տոնում, սեփական ժողովրդի հանդեպ հաղթանա՞կ… Ախր մենք բոլորս վկաներ ենք, ինչ կատարվում է մեր երկրում: Այնպես չի, որ իրականությանը ծանոթանում ենք թերթերից: Ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ աչքիս առաջ փող էին բաժանում, թե ում՝ ինչքան, դա էական չէ: Բաժանողները գիտեին՝ ում դուռը թակել, բնականաբար իմը չթակեցին: Ես գնացի ընտրության իմ բալիկների հետ ու տեսա, թե ինչպես են մանկլավիկները՝ թաղի տղերքը մարդկանց ուղղորդում: Ամեն ինչն այքա՜ն բացահայտ է, նողկալի է: Ի դեպ, մեր թաղում ինձ վրա ծիծաղում էին, որ ես փող չեմ վերցնում…»:
Դերասանուհու ձեւակերպմամբ, այս ամիսների ընթացքում, երբ ժողովուրդը սթրեսի մեջ էր, իր հավատը քանիցս տարուբերվել է, ահռելի ջանքեր է թափել չհուսահատվելու համար: Կարծում է, որ այս շրջանում մեծ ձեռքբերում է ունեցել՝ անկաշառ, ազնիվ ու մարդկանց եւ երկրի հանդեպ սրտացավ անհատների հետ ծանոթանալով. «Մի ժամանակ մտածում էի, թե մեր մտավորականությունը ծակուռը մտած է, վերջերս համոզվեցի, որ դա այդքան էլ այդպես չէ»: Կարինե Ջանջուղազյանը համոզված է. «Ցավոք, մեր պայքարը երկաթե դիմակների հետ է, նրանց հետ, ում մտքները պատ է, հայացքները՝ բետոն: Նմանների հետ է կռիվը, որ հեշտ չէ, թեժ է, մեծ խորագիտություն պահանջող: Ինձ, սակայն, ապրեցնում են այն մարդիկ, որոնք հավատում են, պայքարում»:
Կարդացեք նաև
Արվեստագետը փաստում է. «Եթե ոչ առաջինը, ապա ամեն երկրորդ մարդը հաստատ գիտի, որ այս ընտրությունները գնված են, ծախված են, բոլորն էլ գիտեն, որ այսպիսի իրականության մեջ ենք ապրում, ու պատճառն այն է, որ մենք երեւի ինչ-որ բան լավ չենք հասկանում, լավ չենք տեսնում: Հույսս ժողովրդի միաբանվելն է»:
Հետաքրքրվեցինք՝ էությամբ լավատե՞ս է: Կարինե Ջանջուղազյանը պատասխանեց. «Ես լավատես եմ իմ էությամբ, որովհետեւ կարծում եմ՝ կյանքը շատ հարուստ է գույներով, ու առհասարակ ոչ ոք իրավունք չունի այդքան խորը հուսահատվել: Կյանքը լի է հրաշքներով, սա որպես ռոմանտիկ խոսք չեմ ասում, հավատում եմ՝ Աստված անսպասելի է գործում մարդկանց կյանքում: Ու անհնար է, որ այսքան աղաղակը չհասնի Աստծուն»:
Մեր զրուցակիցը անչափ կարեւորում է գրագետ մշակութային քաղաքականությունը, որը հայ մարդու արժեհամակարգի կերտման գրավականն է. «Հասարակությունը պետք է պատրաստ լինի փոփոխության, նոր տեսակի, նոր բանի, մշակութային պայքարի…
Վախենում եմ՝ չլինի՞ տաղանդավոր մարդկանց առջեւ դռները մեկ էլ փակվեն, որովհետեւ միջակությունն այսօր նախաձեռնող է, թույլատրված է եւ թելադրող: Սա ամենամեծ վտանգն է: Եվ եթե չկա լիարժեք ու բարոյական հասարակություն, չկա՛ ոչ մի հաղթանակ: Րաֆֆին, որ ասում էր՝ սա իմ պայքարը չէ՞, ձեր՝ ժողովրդի պայքարն է, ճիշտ էր ասում…»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Շնորհակալ եմ Կարինե Ձեր հարցազրույցի համար: Եթե Ձեզ միշտ սիրել եմ որպես դերասանուհի, հիմա հարգեցի նաև որպես քաղաքացի:
Որակ ունեցող մարդը երբեք չի կարող վաճառվել: Միշտ էլ վաճառվում են անորակները: