«Բաց նամակ» Տարոն Մարգարյանին
Հարգարժան պարոն Մարգարյան:
Ես՝ Զոյա Սահակի Պետրոսյանս, թոշակառու եմ, 1929թ. ծնված: Բնակվում եմ Կենտրոն համայնքում, Թամանյան 3, բն. 52 հասցեում:
Խնդրում եմ Ձեզ պաշտպանել ինձ եւ իմ իրավունքները՝ Երեւանի Կենտրոն համատիրության (Վարդանանց 5ա) զարհուրելի եւ ապօրինի քայլերից իմ նկատմամբ:
Կարդացեք նաև
Կենտրոն համատիրությունը՝ լինելով ինքնակոչների մի խումբ, քանի որ գոյություն չունի բնակիչների գրավոր համաձայնություն, որով կորոշվեր տալ նրանց իրավունք բնակիչների հարցերի եւ խնդիրների վարչարարությամբ զբաղվել, իրեն իրավունք է վերապահում առանց փաստերի հիմնավորապես ստուգման, կոմունալ ծառայությունների դիմաց վճարման անդորրագրերի ստուգման, որոնք առկա են բնակիչների մոտ, հայց է ներկայացնում դատական ատյաններ՝ գումարի բռնագանձման պահանջով եւ բոլոր դրամական միջոցների եւ հաշիվների վրա արգելանք դնելու՝ այդ թվում թոշակի:
Ես միշտ պարտաճանաչ կատարում եմ վճարումներ այն ամենի համար, ինչից օգտվում եմ՝ գույքահարկ (մեկ սենյականոց բնակարանի), աղբահանություն եւ մնացած բոլոր այլ կոմունալ ծառայությունների դիմաց, ընդ որում՝ անում եմ դա նախապես եւ միանգամից մի քանի ամսվա համար: Ունեմ կատարածս մուծումների բոլոր անդորրագրերը վերջին 3 տարվա դիմաց:
Սույն թվականի ապրիլի 10-ին ես չկարողացա ստանալ ոչ թոշակս եւ ոչ էլ կես դրույք աշխատավարձս Երեւանի պետ. կոնսերվատորիայից, քանի որ, ինչպես ավելի ուշ պարզվեց, իմ բոլոր դրամական աղբյուրներն ու միջոցները դրված են արգելանքի տակ՝ առանց որեւէ հիմքի:
Պարզելով իմ հաշվեհամարները արգելանքի տակ դնելու պատճառները, ճշտվեց, որ համատիրությունը՝ չունենալով համապատասխան փաստաթուղթ իմ ստորագրությամբ՝ ինձ ծանուցելու մասին, զրկել է ինձ գոյատեւելու իրավունքից՝ խախտելով իմ սահմանադրական իրավունքները, եւ ներկայացրել 70.000 ՀՀ դրամի հաշիվ կոմունալ ծառայությունների դիմաց:
Միայն այն բանից հետո, երբ ես նրանց ներկայացրեցի աղբահանության դիմաց վճարման վերջին 3 տարվա անդորրագրերը, իմ պարտքը կտրուկ նվազեց եւ դարձավ այժմ 20.000 ՀՀ դրամ՝ բակի մաքրման, որը մշտապես կեղտոտ է եւ դետոկսիկացիայի համար:
Այսպիսով, մանրակրկիտ չստուգելով իմ հաշիվներին վերաբերող փաստաթղթերը, Կենտրոն համատիրությունը զրկել է ինձ անգամ խիստ անհրաժեշտ դեղերի գնման հնարավորությունից, որոնք կենսականորեն անհրաժեշտ են իմ առողջության համար եւ ամենատարրական սննդի գնման հնարավորությունից՝ կալանք դնելով իմ հաշվեհամարներին դատարանի միջոցով:
Վերջին 3 տարվա անդորրագրերի ներկայացնելուցս հետո, ինձ խոստացան 2-3 օրվա ընթացքում կարգավորել այս խնդիրը՝ հանելով կալանքը իմ թոշակից:
Արդյունքում՝ կտրուկ վատացել է իմ առողջական վիճակը. հաճախացել են հիպերտոնիկ կրիզները եւ առաջացել է առիթմիա:
Կենտրոն համատիրություն դիմել եմ 11.04.2013թ.-ին: Մինչ օրս ոչինչ չի փոխվել եւ ամեն բան նույնն է: Ես չեմ կարող ստանալ անգամ մեկ լումա, մինչեւ դատավորը, որը մոտ 10 օրից կվերադառնա իր արտերկրյա ուղեւորությունից, չհանի արգելանքը իմ հաշվեհամարից:
Անգամ եթե իմ պարտքի չափը մի քանի անգամ ավելի լիներ, քան ներկայիս 20.000 ՀՀ դրամը, նրանք չունեին ոչ մի բարոյական իրավունք՝ զրկել միայնակ թոշակառուիս գոյությունը պահպանելու միջոցներից: Դժվար թե աշխարհում գտնվի թեկուզ մեկ երկիր, որտեղ եւս նման կերպ են վարվում իրենց քաղաքացիների հետ:
Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել եւս մեկ հանգամանքի վրա, որ դեռ 5 տարի առաջ՝ նախորդ նախագահական ընտրություւնների ժամանակ, դիմել էի համատիրություն՝ ինձ մեծ վնաս հասցնելու կապակցությամբ: Շենքի արտաքին պատին ամրացված անձրեւաջրերի արտատար խողովակի անսարքության հետեւանքով, ջուրը՝ գոյանալով հորդ անձրեւներից, ներթափանցել է իմ բնակարան՝ փչացնելով իմ՝ այն ժամանակ դեռ նոր, խոհանոցի նորոգումը: Համատիրություն դիմելուց հետո, ինձ խոստացել էին, որ կվերանորոգեն՝ վերացնելով խոհանոցի վնասվածքը: Երկու ամիսը մեկ ինձ պարտաճանաչ զանգում եւ տեղեկացնում էին, թե ինչ փուլում է գտնվում այդ հարցի լուծումը: Սակայն խոստացած վերանորոգումը մինչ օրս չի կատարվել:
Ստացվում է, որ նրանք չեն կատարում իրենց բուն պարտականությունները եւ իմ կողմից իրենց դեմ հայց ներկայացնելու փոխարեն, դեռ նրանք են համարձակվում ինչ-որ 20.000 դրամի համար փակել իմ օրինական հասանելի դրամական բոլոր աղբյուրները:
Լինելով «ՀայՖիլհարմոնիայի» մենակատար՝ ես 37 տարի ներկայացրել եմ Հայաստանը 1953-1990թթ. ԽՍՀՄ բոլոր քաղաքներում եւ արտերկրներում, 50 տարիների ընթացքում հարյուրավոր մասնագետ եմ կրթել, որոնք Հայաստանում եւ արտերկրներում են աշխատում: Եվ այդ ամենից հետո ես արժանանում եմ նման կրիտիկական վիճակի՝ Կենտրոն համատիրության, մեղմ ասած, անբարեխիղճ աշխատանքի պատճառով:
Դիմելով Ձեզ, խնդրում եմ Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել այս հարցի լուծման գործընթացը, որը կենսականորեն կարեւոր է ինձ համար:
Կանխավ շնորհակալ եմ:
ԶՈՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԽՍՀ Վաստակավոր
արտիստուհի, պրոֆեսոր