Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղի վարպետները ոնց աղքատ կան, այդպես էլ աղքատ մնում են»

Մայիս 07,2013 16:17

Վանաձորցի քարագործն ասում է, որ շինարարական արհեստները ՀՀ-ում օրեցօր անկում են ապրում

Քարագործ վարպետ Մնացական Կլեկչյանը (վարպետ Մնո) քարի հետ աշխատանքի 20 տարիների ընթացքում բազմաթիվ շենք-շինություններ է ոտքի կանգնեցրել:

14 տարեկան էր, երբ առաջին անգամ ձեռքն առավ աշխատանքային գործիքն ու սկսեց քարին տեսք հաղորդել:

«20 տարի է՝ քարի փոշի եմ շնչում, բայց չեմ կարողանում հրաժարվել այդ գործից, նվիրվել եմ, առանց դրա օրս չեմ պատկերացնում»,- ասում է 34-ամյա քարագործը:

Վանաձորցի երիտասարդ վարպետը հասցրել է նաեւ աշակերտներ ունենալ եւ իր արհեստի գաղտնիքները փոխանցել նրանց: Չնայած դրան՝ նա նշում է, որ այսօր քարագործությունը եւ, ընդհանրապես, շինարարական արհեստները օրեցօր անկում են ապրում. «Քարագործությունը, բոլոր շինարարական արհեստներն օրեցօր, ժամեժամ հետ են ապրում: Զարգացում չկա, երիտասարդ կադրեր չունենք, այսօր կան պապիկներ, որ 70-ն անց մարդիկ են, առողջական խնդիրներ ունեն, էլ չեն կարողանում աշխատել, մի քանի տարի անց, որ նրանք չլինեն, մենք չենք ունենա վարպետներ, որ սովորեցնեն»:

Բացի դրանից՝ նա նկատում է, որ այսօրվա երիտասարդներն էլ ոգեւորված չեն արհեստներ սովորելով, քչերն են հետաքրքրվում շինարարական արհեստներով, ինչ-որ տեղ արհամարհանքով են նայում դրանց:

«Օր օրի ՀՀ-ում շինարարությունը գնում է դեպի զրոյական մակարդակի: Այսօր հայ վարպետ մարդը լքում է երկիրը, գնում է արտերկիր, նույնիսկ մեկ սենյականոց բնակարան, հեռուստացույց գնելու համար, առողջականը վերականգնելու համար, որ այսօր հայ քարեգործը տոննաներով քար է փշրել, բայց իր լեղապարկի մի սմ քարը փշրելու փող չունի»,- ասում է վանաձորցի վարպետը՝ նկատելով, որ բոլոր խնդիրները պետական աջակցության բացակայության հետեւանք են: Արդյունքում էլ թե անփորձ, թե փորձառու վարպետները, թե բարձրագույն կրթություն ստացած, թե չստացած երիտասարդները հնարավորության դեպքում արտագաղթում են՝ ակնկալելով լավ պայմաններ արտերկրում:

«Մի քանի աշակերտ ունեի, վերջինն էլ նախորդ տարի էր, հենց մի փոքր սովորեցին, սկսեցին պատկերացնել գործից՝ երկրից մեկնեցին: Դրսում ավելի են վաստակում, մեքենաներ են գնել, բնակարան, ընտանիքներին են տանում հանգստանալու: Իսկ այստեղի վարպետները ոնց աղքատ կան, այդպես էլ աղքատ մնում են, հանապազօրյա հացն են մենակ վաստակում: Առաջընթաց չկա, մանավանդ հիմա, երբ աշխատանքի որակին չեն նայում, որքան որ արագությանը՝ ապակիներով շենքը կանգնեցնում են ու վրան գրում՝ կամ վաճառվում է, կամ տրվում է վարձով»,- ասում է վարպետ Մնոն:

Վարպետն անհանգստանում է, որ այդկերպ քաղաքը կորցնում է իր ներկայանալի տեսքը, շինարարությունն էլ աստիճանաբար հեռանում է հին ավանդական քարե մնայուն արվեստից:

Սակայն ամենացավալին, ըստ նրա, արված աշխատանքը չգնահատելն ու փչացնելն է:

Մնացական Կլեկչյանը հիշում է՝ մեկ ամիս առաջ ինքնակամ գնաց Վանաձորի քաղաքապետարան, եւ իր պատրաստակամությունը հայտնեց քաղաքի «Թթու ջուր» աղբյուրի հանգստի գոտին վերանորոգելու համար:

Պատկան մարմինների ու քաղաքի գործունյա մարդկանց աջակցությամբ էլ տարածքը վերանորոգվեց:

«Աշխատանքների հենց հաջորդ օրը աղբյուրի տարածքում տնկված տուա տեսակի ծառերը գողացան, մի քանի օր անց էլ ցայտաղբյուրի՝ պատի տակ դրված հին քարն էր անհետացել»,- վրդովված պատմում է վարպետը՝ դժվարանալով իր աշխատանքային գործունեության 20 տարիների պատմությունից նմանատիպ դեպք վերհիշել:

«Չի եղել նման բան: Այդ տեսակ մարդիկ ծնված են միայն վնաս տալու համար: Նրանք ոչ մարդկությանն են պիտանի, ոչ բնությանը: Կարեւորը ոչ թե պահպանողականությունն է, այլ հոգեւոր արժեքը, բարոյականությունը»,- ասում է 20 տարվա քարագործը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031