Դատավոր Վազգեն Ռշտունին Դավիթ Բեգլարյանին ժամանակ է տվել բնակիչների հետ վերջնական համաձայնության գալու, բայց պարոն Բեգլարյանը բնակիչների զանգերին չի պատասխանում:
Օրերս ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ լսվում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործը, եւ պարոն Բեգլարյանն այս գործով վկա է հանդիսանում, դատավոր Վազգեն Ռշտունուն վստահեցրել է, որ ինքը համաձայնության է եկել բնակիչների հետ: Դատավորն էլ Դավիթ Բեգլարյանին հորդորել է վերջնական համաձայնության գալ, որպեսզի հաջորդ դատական նիստին արդեն հստակ առաջարկներ ունենա:
Երեկ «Առավոտի» խմբագրություն դիմած մի խումբ բնակիչներ, որոնք արդեն երկու տարի է՝ փորձում են մարսել կոոպերատիվի տերերի մեքենայության հետեւանքները, ինչի արդյունքում նրանց բնակարանները հայտնվել են տիկին Նաղդալյանի ընտանիքի ձեռքում, մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց հետ որեւէ մեկը որեւէ բան չի պայմանավորվել: Բնակիչները նաեւ պատմեցին, որ նախնական պայմանավորվածություն եղել է մոտ մեկ տարի առաջ, թե Դավիթ Բեգլարյանը որ բնակչին ինչ պետք է տա: Բայց վերջնական համաձայնության մինչ օրս այդպես էլ չեն եկել:
«Դավիթ Բեգլարյանը մեզ հետ չի հանդիպել, մեր զանգերին չի պատասխանում, ոչինչ չի ասում, հաջորդ դատական նիստը կրկին այդ պատճառով կհետաձգվի: Արդեն որքան ժամանակ է՝ հենց այդ պատճառով գործն առաջ չի գնում. մե՛կ դատարան չէր ներկայանում, մե՛կ խուսափում է պայմանավորվածության գալուց: Թե դեռ որքան մեզ ու դատավորին պետք է ֆռռացնի՝ չգիտենք: Բոլորիս համբերության բաժակն արդեն լցվել է»,- «Առավոտի» հետ զրույցում ասացին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները:
Կարդացեք նաև
Նշենք, որ Գեւորգ Չաուշի 14/3 շենքից Դավիթ Բեգլարյանի եւ նրա տիկնոջ՝ Հերմինե Նաղդալյանի ձեռքում այս պահին գտնվում է 7-8 բնակչի բնակարան: Կոոպերատիվից «քաշված» բնակիչները բնակարանների առաջին գնորդն են եղել, սակայն մի օր պարզել են, որ իրենց՝ դեռեւս կառուցման փուլում գտնվող բնակարանները մեկ այլ սեփականատեր ունեն: Կոոպերատիվի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանը (լուսանկարում՝ մեջտեղում եւ աջից), որոնք ներկայումս կալանքի տակ են, քաղաքացիներին վաճառած բնակարանները այլ անձանց մոտ գրավ են դրել՝ դիմացը տոկոսով գումարներ վերցրել: Բնակիչների ներկայացմամբ՝ տոկոսով փող տվողների թվում է եղել նաեւ Դավիթ Բեգլարյանը՝ պատգամավորի ամուսինը, սակայն, չգիտես ինչու, նրան նախաքննական մարմինը, ի տարբերություն մյուս «տոկոսչիների», «մաքուր» է հանել. «Դավիթ Բեգլարյանը 2009 թվականի նոյեմբերին ամսական 5 տոկոս տոկոսադրույքով կոոպերատիվի տերերին տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր: Այս ամենն ամրագրված է եղել նաեւ ՀՔԾ քննիչ Վաղինակ Ջանազյանի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշման մեջ: Սակայն ընդամենը 5 օր հետո՝ նոյեմբերի 16-ին, ինչ-ինչ պատճառներով կայացվել է նոր որոշում՝ նույն քննիչի կողմից, որտեղ արդեն միանգամայն այլ եզրահանգում է եղել, մասնավորապես՝ քննիչը գրել է, որ Դավիթ Բեգլարյանի՝ Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին որոշակի տոկոսադրույքով գումար տալու հանգամանքը չի հաստատվել նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, ավելին՝ հերքվել է ապացույցների համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ: Թե ինչու նախաքննական մարմինը Դավիթ Բեգլարյանին չի ճանաչել վաշխառու, բոլորի համար էլ պարզ է: Նախագահի ասած ապահով Հայաստանն, իսկապես, հենց Հերմինե Նաղդալյանի համար է ապահով, քանի որ ինչպես ուզում՝ իր ընտանիքի հարցերը կարգավորում է»,- վրդովված ասացին բնակիչները:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. «Առավոտի» տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության արդեն նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի՝ օրերս պաշտոնից ազատվելու պատճառներից մեկն էլ եղել է «Նորաշեն-2007» կոոպերատիվի գործը, որը նախաքննության փուլում գտնվում էր ՀՔԾ-ի վարույթում: Հենց այս կառույցն է տիկին Նաղդալյանի ամուսնուն «մաքուր» հանել եւ չճանաչել վաշխառու, չնայած կալանքի տակ գտնվող կոոպերատիվի տերերն իրենց նախաքննական ցուցմունքներում մանրամասն նշել էին, դատարանում նույնպես հաստատում են այն փաստը, որ իրենք Դավիթ Բեգլարյանին 300 հազար դոլարի դիմաց տվել են 14 բնակարան՝ 5 տոկոս տոկոսադրույքով: