Իսկ ո՞ւր մնաց համատեղ պայքարը իշխանության դեմ
Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ կիրակի օրը մայրաքաղաքում կայացած Երեւանի ավագանու ընտրոթյունների արդյունքում Երեւանի ավագանու 65 անդամներից 42-ը կներկայացնեն իշխող Հանրապետական կուսակցությունը: Երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանիում կունենա 17 մանդատ, «Բարեւ Երեւան» դաշինքը՝ 6 մանդատ: Բացարձակ առավելությամբ՝ 55.86 տոկոս ձայներով իշխող ՀՀԿ-ն հնարավորություն կունենա քաղաքապետ նշանակել։ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը չեն հաղթահարել նվազագույն շեմը՝ 6 տոկոսը: Ուշագրավ է, որ Երեւանի 13 ընտրատարածքներից որեւէ մեկում ընտրական շեմը հաղթահարած եւ Երեւանի նոր ավագանին կազմող ուժերին չի հաջողվել հաղթանակ տանել իշխող կուսակցության նկատմամբ։ Երկրորդ տեղը զբաղեցնող ԲՀԿ-ին 464 տեղամասերից միայն մի քանիսում է հաջողվել առավելություն գրանցել ՀՀԿ-ի նկատմամբ, իսկ «Բարեւ Երեւանին»՝ ոչ մեկում։ Այս արդյունքները առավել ուշագրավ են հատկապես ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերի հայտարարությունների ֆոնին, որոնք քարոզչության ողջ ընթացքում հայտարարություններ էին անում համատեղ ուժերով ընտրությունների ընթացքը վերահսկելու, դրական արդյունքներ գրանցելու, ապա նաեւ հետընտրական դաշինքի մասին: Ընտրությունների օրը, սակայն, ընդդիմադիր կուսակցությունների համատեղ աշխատանք այդպես էլ չերեւաց: Ավելին, ընդդիմադիր հատվածը ներկայացնող հանձնաժողովների անդամները, հաճախ նաեւ վստահված անձինք բավական պասիվ եւ անտարբեր էին: Նախընտրական բարձրագոչ հայտարարությունների ֆոնին անհասկանալի էին նաեւ ընդդիմադիրների հետընտրական արձագանքները: Ընտրությունների ավարտից 2-3 ժամ անց հայտարարություն տարածեց ՀԱԿ-ը՝ ավանդական մեղադրանքներ հնչեցնելով իշխանությունների հասցեին. «Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էին ժողովրդավարության եւ Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվության են արժանանալու հաստատապես»: Հաջորդ օրը ՀԱԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը News.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Եթե հասարակությունը ազնիվ պայքարողին մերժում է, փող բաժանողին է ձայն տալիս, գնացեք խոսեք ժողովրդի հետ՝ ինչո՞ւ այդպես արեցին, ես ի՞նչ կարող եմ ասել»: Ապա հետեւեց ՀՅԴ-ի արձագանքը՝ «ինչ եղավ՝ եղավ» ոճի մեջ, ավելի ուշ հայտարարություն տարածեց նաեւ ԲՀԿ-ն՝ փաստելով, որ. «Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման»: Թեեւ «Առաքելություն» կուսակցությունը ԲՀԿ-ին եւ «Բարեւ Երեւան» դաշինքին հորդորեց հրաժարվել ավագանու մանդատներից, «Բարեւ Երեւանի» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն ասաց, որ իրենք վերցնելու են մանդատները: ԲՀԿ-ն այդ մասով լռում է՝ դեռ պետք է «վերլուծեն կատարվածը», բայց, ամենայն հավանականությամբ, չի հրաժարվի: Արդյունքում ստացվում է, որ բոլորը «լվացին ձեռքերը»՝ ի հեճուկս նախընտրական շրջանի՝ Երեւանը վերցնելու, Երեւանից սկսելու եւ ՀՀԿ-ին հակակշիռ դառնալու նկրտումների:
Երեկ այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ընդդիմության մեջ կան բավականին փորձառու եւ խելացի գործիչներ, եւ իրենք շատ լավ հասկանում էին, որ ընտրություններից առաջ այս ընտրություններին հնարավորինս ռադիկալ եւ քաղաքական ընթացք տալը կարող է իրենց ավելի շատ դիվիդենդներ բերել, ազդել իրենց էլեկտորատի վրա: Դա էր պատճառը, որ իրենք շատ լավ գիտակցելով, որ սրանք համայնքային ընտրություններ են, այնուհանդերձ, փորձեցին քաղաքական գիծը շատ տանել, քննադատել: Բայց ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց՝ երեւանցին քվեարկեց Տարոն Մարգարյանի օգտին: Մինչ այդ էլ իրենք շատ լավ հասկանում էին, որ անկախ նրանից, թե ով կլինի Երեւանի քաղաքապետ, իշխանությունները չեն փոխվելու, քանի որ համապետական ընտրություններն ավարտվել են»: Մեր զրուցակիցը նկատում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք մինչ այդ խոսում էին նախագահական ընտրություններում իրենց մասնակցելու դեպքում հավանական իրավիճակներից, հիմա մասնակցեցին ամբողջ թիմով, ողջ ուժով եւ քաղաքական ողջ բառապաշարով, իշխանություններին վարկաբեկման գործիքներով, ու ֆիասկո են ապրել. «Եվ պարտություն են կրել ոչ թե ՀՀԿ նախագահից, այլ ՀՀԿ նախագահի երիտասարդական գվարդիայից, ինչպես իրենք են ասում: Այդ իմաստով, կարծում եմ, ընդդիմության համար սա մի քիչ ծանր հարված էր: Ի՞նչ պետք է անեն: Ոչինչ էլ չպետք է անեն: Պիտի գնան եւ աշխատեն: Պարզ երեւաց, որ ամեն ինչ խոսելով չէ, ու դա իրենք շատ լավ գիտեն: Ինչպես Բիսմարկն էր ասում՝ մարդիկ երբեք այդքան չեն ստում, ինչքան ընտրություններից առաջ եւ որսից հետո»:
Կա նաեւ երկրորդ՝ հակառակ իրականությունը. սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակ, գործազրկություն, արտագաղթի ծավալների մեծացում, ինչին չեն հակառակվում նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչները, բայց արդեն երրորդ ընտրությունն է, որ այն իշխանությունը, որից հասարակությունը դժգոհ է եւ փախչում է, ստանում է ձայների բացարձակ մեծամասնություն: Շարմազանովը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ ժողովուրդը փախչում է իշխող կուսակցությունից՝ չվիճարկելով մնացյալ խնդիրները: Սակայն, ըստ նրա, համեմատության եզրեր չկան նախագահական-պառլամենտական եւ Երեւանի ավագանու ընտրությունների միջեւ: «Երեւանի ավագանու ընտրությունները կուսակցական ցուցակներով են, բայց դասական համայնքային ընտրություններ են, ու ՀՀԿ-ի նախընտրական շտաբի հիմնական մեխը դա է եղել: Սրանք թոշակ բարձրացնողի, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքական կուրս կամ ինչ-ինչ բարեփոխումների ընտրություններ չէին, այլ բացառապես Երեւանի կենցաղային խնդիրների լուծման: Մարդիկ ասում էին՝ սկսենք Երեւանից: Լավ, ասենք ընտրվեիր, ասֆալտ չպիտի՞ անեիր: Ինչպե՞ս էիր պատրաստվում հայ-թուրքական հարաբերություններում բան փոխել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ առկա դժգոհություններով եւ խնդիրներով հանդերձ՝ հասարակությունը հույսը կապում է իշխող քաղաքական ուժի հետ, ինչը վստահության մեծ պաշար է. «Մենք իրավունք չունենք վատնել այդ վստահությունը, այդ քաղաքական կապիտալը: Մենք շնորհակալ ենք այդ վստահության համար եւ իրավունք չունենք հիասթափեցնելու մեր քաղաքացիներին: Մենք պետք է ավելի պարկեշտ եւ ազնիվ լինենք»: Շարմազանովը գտնում է, որ այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ եթե քաղաքական ուժն ազնիվ է հասարակության հետ, հասարակությունը թացը չորից կարողանում է զատել. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին մութ սենյակում կատու բռնել, երբ այդ կատուն իրենց ուսերին էր՝ դա թողնում եմ իրենց խղճին: ՀՀԿ-ի շտաբը երբեք որեւէ քաղաքական ուժի վարկաբեկելու ճանապարհով չգնաց: Իսկ ՀՀԿ-ին վարկաբեկողների եւ հայհոյողների պատասխանը տվեց երեւանցին՝ իր քվեարկությամբ: Ու ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է: Չեմ ասում, որ մենք հիմա երկնքից աստղեր ենք իջեցնելու, բայց պետք է լավ աշխատենք»:
Կարդացեք նաև
Շնորհավորելով ավագանու ընտրություններում հաղթած ուժերին՝ Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ սթափ մտածողությունը քաղաքական ուժերի մոտ կգերակշռի. «Ընտրություններն ավարտվել են, եւ չպետք է տուրք տանք կեղծ, պոպուլիստական քաղաքական բառապաշարին, որպեսզի ունենանք ավելի լավ Երեւան եւ Հայաստան»: «Առավոտի» դիտարկմանը՝ տպավորություն կա, որ ՀՀԿ-ն պատժեց նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին, ՀՀԿ-ից կրկնակի անգամ քիչ տոկոսներ «թույլատրելով», պարոն Շարմազանովը հակադարձեց. «Չէի ցանկանա այդ բառապաշարով արտահայտվել, բայց եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պատժեց, ապա պատժողն էլ, չպատժողն էլ ժողովուրդն է: Ես իմ նախկին հարցազրույցներում ասել եմ ու ԲՀԿ-ից այդպես էլ որեւէ նորմալ պատասխան չեմ ստացել՝ բացի էմոցիոնալ մտքի փայլատակումներից: Դա ՀԱԿ-ին էլ է վերաբերում: Ես ասում էի, որ դասական քաղաքականության մեջ, երբ կուսակցությունը նախագահական ընտրություններին ոչ միայն չի մասնակցում, այլ նաեւ ծպտուն չի հանում երեք ամիս, հետո գալիս եւ ասում է՝ սկսենք կամ փոխենք Երեւանից, դա մի քիչ աբսուրդի է նմանվում»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Երիտ նախածանցը ինձ սարսափեցնում է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ՀՀԿ-ին:
Երիտ-ը ածանց չէ, այլ արմատ է: Բայց որ ՀՀԿ-ն սարսափելի է, դա առանց երիտ-ից էլ է զգալի: