Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը և իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Կարողացանք անցկացնել լավ կազմակերպված ընտրություններ:
Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Երևանի բնակչությանը՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին մասնակցելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր ընտրողներին՝ իրենց վստահության քվեն մեզ տալու ու մեզ հավատալու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև մեզ համար չքվեարկած մարդկանց, և վստահեցնում եմ, որ հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերի ու աշխատանքների արդյունքով կկարողանանք արդարացնել նաև նրանց սպասելիքները: Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին մրցակցություն ապահովելու համար: Ես շնորհակալ եմ մեր թիմակիցներից և համոզված եմ, որ այս թիմով մենք անպայման կկարողանանք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները և կյանքի կոչել ներկայացված ծրագրերը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ովքեր աշխատեցին ողջ քարոզարշավի ընթացքում և համակողմանի լուսաբանեցին մեր հանդիպումներն ու ներկայացվող ծրագրերը:
Կարդացեք նաև
Եվ ամենակարևորը, շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմիններին, ոստիկաններին, ովքեր կարողացան ապահովել քարոզարշավի և բուն ընտրական պրոցեսի ապահով ու խաղաղ ընթացքը:
Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք կարողացանք ամրագրել մեր ձեռքբերումը և կշարունակենք աշխատել ավելի լավ Երևան ունենալու համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն