Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք է մեծացնել կապը ժողովրդի եւ քաղաքական էլիտայի միջեւ

Մայիս 07,2013 16:33

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ 
Կայծ Մինասյանի՝ ժողովրդավարության ընտելացման ճանապարհին ենք:

– Պարոն Մինասյան, թեեւ մեկ տարվա ընթացքում երեք ընտրություններ անցկացվեցին Հայաստանում, բայց հասարակական ընկալումն այնպիսին է, որ ընտրություններով ոչինչ չփոխվեց։ Ձեր կարծիքով՝ այդ երեք ընտրությունները ի՞նչ տվեցին Հայաստանին ու հասարակությանը:
– Որպես նախկին տոտալիտար պետության բնակչություն՝ հայ ժողովուրդը որքան շատ մասնակցի ընտրությունների, այնքան լավ է ժողովրդավարության հաստատման ճանապարհին եւ քաղաքական նոր մշակույթի ձեւավորման համար: Պատմության մեջ հայերը այդքան էլ շատ առիթներ չեն ունեցել Հայաստանի տարածքում մասնակցելու ընտրությունների: Այսինքն՝ հասարակությունը ընտելանում է ժողովրդավարությանը: Կուսակցությունները՝ ընդդիմադիր, թե իշխող, նույնպես ժողովրդավարության ընտելացման ճանապարհին են: Սա է ամենագլխավոր շահը այսօրվա Հայաստանի քաղաքական-հասարակական իրավիճակի համար։ Երկրորդը՝ ավելի լավ կլինի, երբ բոլորը՝ հասարակությունն ու քաղաքական ուժերը, հարգեն ընտրությունների արդյունքները: Երրորդը՝ կուսակցությունների համար կարեւոր էր այս հանգրվանը, քանի որ Հայաստանի կուսակցությունները պետք է ներքին ժողովրդավարություն հաստատեն: Չորրորդը՝ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, այդ տարիների ընթացքում անցկացված ընտրություններով դեպի առաջընթա՞ց է գնում, թե՞ այլ ճանապարհով է գնում. կարող ենք ասել անշուշտ, որ մեկ անգամ անցկացված ընտրություններով իրավիճակ չէր կարող շտկվել՝ իհարկե, բայց 22 տարվա մեջ կարեւորը ընթացքն է, գործընթացը՝ դեպի առաջընթաց:
Այժմ պետք է մեծացնել կապը ժողովրդի եւ քաղաքական էլիտայի միջեւ, պետք է այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ ստեղծվի վստահության մթնոլորտ հասարակության եւ քաղաքական ուժերի միջեւ: Ամենակարեւորը վստահության հարցն է, որը կարող է ձեւավորվել հասարակական պայմանագրի արդյունքում:
– Դիտորդների հայտարարությունները մեր հասարակության մեջ մեծ ազդեցություն չունեն, որովհետեւ ընտրությունները Հայաստանում դեռեւս անցնում են ավանդական ձեւով: Մյուս կողմից՝ մենք ունենք մեկ այլ խնդիր՝ արտագաղթ: Արդյոք հասարակության հիասթափության պատճառներից մեկը ընտրությունների նկատմամբ հավատի կորուստը չէ՞:
– Իրավացի եք, արտագաղթը անհանգստացնող է, բայց արտագաղթը այս իշխանության օրոք չի սկսվել, անկախության տարիներից ի վեր դա կա մինչեւ այսօր: Դա վկայում է այն մասին, որ խնդիրները մեկ հարվածով չեն լուծվելու, դրանք խորքային քաղաքական լուծումներ են պահանջում: Բայց ինչպե՞ս… Իմ կարծիքով՝ հայ ժողովուրդը ունենալով ինքնիշխան պետություն՝ խնդիր ունի անկախության հետ, խնդիրներ ունի քաղաքականության, քաղաքական էլիտայի հետ, որովհետեւ վստահություն չունի ապագայի նկատմամբ: Մարդիկ չեն արտագաղթում այն պատճառով, որ չեն սիրում Հայաստանը, պարզապես մարդիկ չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ՝ կամ լռում ու համակերպվում են՝ առանց քաղաքական պրոցեսներին մասնակցելու, կամ արտագաղթում են: Սա անվստահության մթնոլորտի արդյունք է: Դրա բացատրությունը սա է՝ հայ հասարակությունը վստահություն չունի քաղաքական պրոցեսների նկատմամբ, եւ դրա արդյունքում է ստեղծվել անվստահության մթնոլորտը:
– Ընտրություններն ավարտվեցին, եւ թվում է՝ քաղաքական կյանքը պետք է հանդարտվի: Սակայն կարծիք կա, որ ընտրություններից հետո լուրջ քաղաքական պրոցեսներ կարող են տեղի ունենալ: Ձեր կարծիքով՝ քաղաքական դաշտում հիմնական ընդդիմադիր որո՞նք կլինեն: Նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ վստահությունը կարծես օր օրի նվազում էր: Հիմա արդեն՝ հետընտրական փուլում, քաղաքական դաշտի վերադասավորումնե՞ր կանխատեսում եք:
– Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակությունը բարձր էր նախագահական ընտրություններում, որովհետեւ մյուս ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեցին ընտրություններին: Որտեղի՞ց էին Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները: Իհարկե, սեփական հեղինակությունն էլ գործոն էր, բայց ձայների մի մեծ մասը «Բարգավաճ Հայաստանի», Կոնգրեսի, Դաշնակցության ձայներն էին: Ր. Հովհաննիսյանը ինքն էլ է ընդունում, որ սխալներ թույլ տվեց, եւ եթե սխալ ես գործում, դրա արդյունքն էլ այսպիսին պետք է լիներ: Հայաստանյան քաղաքական դաշտում տեսնում եմ երկու գլխավոր կողմերի՝ իշխող Հանրապետական կուսակցությանը եւ ընդդիմադիր չորս ուժերի՝ ԲՀԿ, Կոնգրես, «Ժառանգություն», Դաշնակցություն, որոնք կարծես փորձեր էին անում միավորվելու: Անշուշտ, կարեւոր է հարցը, թե ընտրությունների արդյունքում կոալիցիա կձեւավորվի՞ Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխհամաձայնության արդյունքում, թե՞ միայն փոքր կոալիցիա կստեղծվի՝ Հանրապետականի եւ ՕԵԿ-ի միջեւ: Իմ կարծիքով՝ Հայաստանը մտել է aggiornamento-ի (արդիականացում՝ իտալերեն) ժամանակաշրջան:
– Հայաստանի քաղաքական դաշտում նոր ուժերի, նոր դեմքերի, նոր ասելիքի անհրաժեշտություն Ձեր կարծիքով՝ չկա՞: Հնարավո՞ր եք համարում, որ հետընտրական պրոցեսների արդյունքում նոր ուժերի ի հայտ գալու հրամայականը գերիշխի:
– Անշուշտ, Հայաստանի քաղաքական դաշտը եւս սերնդափոխության խնդիր ունի, բայց դա ոչ միայն վերաբերում է իշխող կուսակցությանը կամ իշխանությանը, այլեւ բոլոր հիմնական կուսակցություններին, այդ խնդիրը նաեւ կուսակցություններում կա՝ ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում, Կոնգրեսում, նույնիսկ «Ժառանգությունում»: Սա եւս վկայում է այն մասին, որ Հայաստանը aggiornamento-ի փուլում է՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, եւ նոր սերունդը իր տեղը պետք է զբաղեցնի անպայման: Դա պետք է անշուշտ տեղի ունենա, որովհետեւ Հայաստանը շրջապատված չէ ժողովրդավարական պետություններով։ Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանի քաղաքական կարգավիճակի շարունակողն է կարծես, բայց արդեն իսկ նկատվում է, որ թեկուզ փոքր քայլերով, իհարկե, իրավիճակը փոխվում է, եւ Հայաստանը ավելի ինքնուրույն, ինքնիշխան է դառնում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ձեր առաջին իսկ հարցը ստվեր է գցում շատ սովորական ընտրությունների վրա: Չգիտեմ անձամբ Ձեր վրա ինչն է ազդել բացասական իմաստով ընտրությունների ժամանակ:
    Ես շատ հանգիստ գնացել, ընտրել ու դուրս եմ եկել տեղամասից: Ինձ ընտրության օրը այլ բան ընտրության հետ կապված պետք չէր ու ոչինչ չխանգարեց:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031