Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավարտեց 8/18 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը՝ «Առաքելության» եւ «Բարեւ Երեւան» Դաշինքի դիմումներով:
33 անվավեր քվեաթերթիկներից տասը հանձնաժողովը դրեց քվեարկության վավեր ճանաչելու համար: Վավեր ճանաչվեց ՀՀԿ-ի օգտին քվեարկված մեկ քվեաթերթիկ: Երկու քվեաթերթիկ էլ, առանց կնիքի էին եւ հանձնաժողովի քարտուղարը առաջարկեց համարել չսահմանված նմուշի քվեաթերթիկ:
Սակայն հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը չհամաձայնեց եւ քվեարկության դրեց, ու հանձնաժողովականները կողմ քվեարկեցին, որ դա սահմանված նմուշի քվեաթերթիկ մնա: «Ընտրողը մեղք չունի՝ ելնում ենք մարդասիրական տեսակետից, մարդու քվեն իրավունք չունենք կորցնել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
ԲՀԿ-ի օգտին քվեարկած 98, «Առաքելության»՝ 4, Բարեւ Երեւան Դաշինքի՝ 67, ՀԱԿ-ի՝ 44, ՀՅԴ-ի ՝ 33 եւ ՕԵԿ-ի 19 ձայները համապատասխանեցին տեղամասային ընտրական հանձնաժողովում գրված թվերին:
Կարդացեք նաև
Ի դեպ, այս տեղամասում անվավեր քվեաթերթիկների մեջ կար նաեւ մի քվեաթերթիկ, որի վրա ընտրողը այս գրությունն էր թողել՝ « legalize marixuana»:
8/18 տեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Անդրեասյանն էլ, անդրադառնալով չկնքված երկու քվեաթերթիկներին, պարզաբանեց.
«Հոգնած ես լինում, ֆիզիկապես կարող ես չնկատել, չենք նկատել, որ կնիք չի եղել, որ նկատած լինեի՝ միանշանակ անվավեր էր լինելու: Բոլոր քվեաթերթիկները հատ առ հատ կնքվել են, դա նշանակում է, որ այդ երկու քվեաթերթիկները դրսից են բերվել… երեք հոգի են կնքում, լավագույն դեպքում մեկ կնիքը կարող էր չերեւալ, իսկ երեքն էլ միասին չերեւալ, հնարավոր չէ»:
«Կարող է` թանաքը ցնդել է»,- հավելեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ