Բանաստեղծ Վահե Արսենը Aravot.am-ի հետ զրույցում պատկերավոր ասաց, որ ժամանակակից հայ ընտրողը վերածվել է «Չարի կացարան» հայտնի ֆիլմի հերոսի՝ զոմբիի: Ի դեպ, նա նաեւ Ֆեյսբուքի իր էջում այդ ֆիլմից կադր էր դրել՝ հետեւյալ մակագրությամբ՝ «Տվեեեեե~ք մեր փողերը….. «Resident Evil» -ի զուգորդումներով…»:
«Ընդհանրապես ընտրական թոհուբոհին հումորով եմ վերաբերվում»,- Aravot.am-ին ասաց Վահե Արսենը, հավելելով, որ որեւէ ուժի ծրագրին չի էլ փորձել ծանոթանալ, քանի որ համոզված է՝ Հայաստանում վաղուց չկա ծրագրային պայքարը, պայքարը միայն իշխանության համար է: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում, ցավոք, ամեն ինչ բխեցվում է անձնական շահից. «Հետեւաբար այսօր ծրագրից խոսելը առնվազն ծիծաղելի է»: Անդրադառնալով մայիսի 5-ի գիշերվա հրավառությանը, բանաստեղծը նշեց. «Զարմացած եմ այդ հրավառությունից, երբ դեռ չէր ավարտվել ամեն ինչ, ու խրախճանք էր… Գուցե ընտրություններում մշտապես զբաղված թաղի խուժանի խրախճա՞նքն էր ու նախաձեռնությունը, որովհետեւ չեմ կարծում, թե որեւէ կուսակցություն իրեն թույլ տար նման բան անել՝ այդ ժամին, այդ ձեւով: Այսինքն՝ տոնել հաղթանակ, որը դեռեւս պաշտոնապես հայտարարված չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ