Երեւանում են գտնվում Ռուսաստանի Դաշնության Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի «Ասիայի երկրների և Աֆրիկայի ինստիտուտ»-ի 4 ուսանողներ՝ Ժառնիկովա Եկատերինան, Կազակ Այժան, Խառլամովա Յուլիան և մեր հայրենակցուհի Յանա Գրիգորյանը:
«Նրանք ապագա արևելագետներ են և համալսարանում ուսումնասիրում են հայագիտություն, հայոց լեզու, մեր մշակույթը, պատմությունը, գրականությունը: Ուսումն ավելի առարկայական դարձնելու նպատակով Հայաստանի գործատուների հանրապետական միության ամբողջական ֆինանսավորմամբ՝ ուսանողուհիները մայիսի 2-ից գտնվում են մեր հանրապետությունում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Aravot.am-ին տեղեկացրեց ՀԳՀՄ գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:
Աղջիկները գիտեն հայերեն բոլոր տառերը, նաև կարողանում են հայերեն գրել: Նրանց փոխանցմամբ՝ իրենք շատ ուրախ են, որ հենց հայոց լեզվի ուսումնասիրմամբ են զբաղվում, և բոլորն էլ սիրում են մեր մայրենին: «Հայոց լեզուն շատ հարուստ է: Մենք դեռ առաջին կուրսում ենք սովորում, շատ հայերեն բառեր չգիտենք, բայց մեզ համար արդեն շատ հոգեհարազատ է հայոց լեզուն, հիմա նաև Հայաստանը»,-նշեց Այժան Կազակը:
Այցելության ընթացքում ուսանողները եղել են Էջմիածնում, Ամբերդում, Օշականում, Ցեղասպանության թանգարան-հուշահամալիրում, Մատենադարանում և բազմաթիվ այլ պատմամշակութային վայրերում: Բոլոր ուսանողուհիները միաբերան նշում են, որ Հայաստանում ամեն ինչ իրենց դուր է եկել:
«Եվ կենտրոնն է հիանալի, և բնությունը: Բացի այդ՝ ինձ դուր են եկել բոլոր հայերը: Մարդիկ այստեղ այնքան հյուրընկալ են, չկա այն անտարբերությունը, որ կա Մոսկվայում: Երեկ նույնիսկ անծանոթ տղաները մեզ փողոցում ծաղիկներ նվիրեցին, այդպիսի դեպք երբեք Մոսկվայում չէր լինի»,-պատմեց Եկատերինան:
Յանա Գրիգորյանն էլ ասաց, որ թեև ինքը հայ է, այնուամենայնիվ միայն համալսարանում է սկսել ուսումնասիրել հայոց լեզուն և նոր է սովորում հայերեն խոսել: «Ծնողներս ապրել են Երևանում, հայ են, բայց հիմա ապրում են Մոսկվայում: Ես ծնվել եմ Նովոսիբիրսկում, հետո տեղափոխվել ենք Մոսկվա: Մեր տանը գիտեն հայերեն, բայց ես, ցավոք, չեմ խոսում: Կարծես թե ճակատագիր էր, որ համալսարանում հենց հայոց լեզուն ինձ բաժին հասավ, հիմա արդեն անպայման հայերեն եմ սովորելու ու խոսելու»,-անկեղծացավ Յանան:
Ազգությամբ ղազախ Այժան, ով ևս սովորում է հայերեն, կարծում է, որ հայոց լեզուն պետք է պրոպագանդել: «Ինձ թվում է՝ պետք է զբաղվել հայկական մշակույթի, լեզվի զարգացմամբ ու քարոզչությամբ: Ես դեռ առաջին կուրսեցի եմ, չեմ պատկերացնում ինչպես կարելի է դա անել, բայց ապագայում մեծ ցանկություն ունեմ դրանով զբաղվելու»,-նշեց նա:
Այսօր երեկոյան ուսանողուհիները վառ տպավորություններով, ինչու չէ նաև լի ճամպրուկներով վերադառնալու են Մոսկվա:
«Մեզ հետ կոնյակ, քաղցրավենիք կտանենք, իսկ ամենակարևորը՝ երջանկություն ու լավ հիշողություններ: Կգնանք և մեր կուրսի երեխաների հետ կկիսվենք հիանալի տպավորություններով, կպրոպագանդենք հայոց լեզուն, Հայաստանը»,-hանդիպման վերջում խոստացավ ուսանողուհի Յուլյա Խառլամովան:
Անի ՄԻՐԱՔՅԱՆ