Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կուսակցաշինությունից` քարոզարշավ». Վերլուծաբանը` ավագանու ընտրությունների, ճիշտ ու սխալ քայլերի մասին

Մայիս 07,2013 15:43

Մայիսի 5-ին տեղի ունեցան ոչ թե Երևանի ավագանու ընտրություններ, այլ ընտրակռիվ: Այս կարծիքին է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Այս ընտրակռվի մեջ պետք է պարզվեր, թե ո´վ էր ամենամրցունակը, և պարզվեց, որ ամենամրցունակը Հանրապետական կուսակցությունն է: Ինչպես և կանխատեսել էինք` ընտրությունները չէին լինելու ազատ, արդար և թափանցիկ, և այդպես էլ եղավ»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով` ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզչության հիմքում դրեց Տարոն Մարգարյանին ՀՀԿ-ական բացասական կերպար ունեցող գործիչներից տարանջատելու քաղաքականությունը, որն ինչ-որ չափով աշխատեց, քանի որ շատերը գնում էին քվեարկության, ասում, որ ՀՀԿ-ին դեմ են, բայց ընտրելու են Տարոնին:

«Այսինքն` ոչ իշխանական ուժերն այդպես էլ չկարողացան հասկացնել. սրանք քաղաքական ընտրություն են, և եթե գնում եք քվեարկելու Տարոն Մարգարյանին, նշանակում է` քվեարկում եք ՀՀԿ-ին: Ոչ իշխանական ուժերն այդպես էլ չկարողացան մինչև վերջ այդ մեսիջը հասցնել հասարակությանը: Ուստիև ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ստրատեգիան բավականին լավ աշխատեց»,- ընդգծեց մասնագետը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, Արմեն Բադալյանի խոսքով, այդ ուժը նախընտրական արշավը սխալ տարավ` հիմնական շեշտադրումն անելով Հանրապետականի մենաշնորհի դեմ պայքարի վրա: Դա, ըստ նրա, սխալ է, քանի որ ԲՀԿ-ն պետք է պայքարեր ոչ թե ՀՀԿ-ի մենաշնորհի դեմ, այլ հասարակությանը պետք է ընտրելու հնարավորություն տրվեր: Այն է` պետք է համեմատություն տարվեր ՀՀԿ-ականների Երևանի և այն Երևանի միջև, որը կլիներ, եթե ԲՀԿ-ն հաղթեր:

«ԲՀԿ-ն ոչ թե Երևանի պատկերը տվեց, այլ որդեգրեց ՀՀԿ-ի դեմ պայքարելու կուրս: Դա սխալ է, քանի որ ես բազմիցս ասել էի, որ այս ընտրությունները լինելու են պայքար հանունի համար, ոչ թե պայքար ընդդեմի: ԲՀԿ-ն վերցրեց ընդդեմի պայքարը և հաջողողություն չունեցավ: Իհարկե, պահպանեց իր դիրքերն ավագանիում, բայց կարող էր շատ ավելիին հասնել, եթե կարողանար ճիշտ ընտրական քարոզարշավ իրականացնել»,- ասաց Արմեն Բադալյանը:

ՀԱԿ-ին անդրադառնալով` Արմեն Բադալյանը նշեց, որ այս կուսակցությունը ոչ գրագետ քարոզարշավ անցկացրեց, ինչի հետևանքով ստացավ այն, ինչ պետք է ստանար: Նրա խոսքով` միայն մեկ հանրահավաքով ու մեկանգամյա ելույթներով ՀԱԿ-ը չէր կարող հաջողության հասնել:

ՀՅԴ-ի առնչությամբ մասնագետը նշում է, որ այդ ուժը նույնպես որդեգրեց այն քաղաքականությունը, որ մենաշնորհը պետք է վերացվի: Սակայն ՀՅԴ-ն չունի այն քաղաքական կշիռը, ինչ ԲՀԿ-ն: «Եվ եթե ԲՀԿ-ի մոտ այդ մենաշնորհի դեմ պայքարն ինչ-որ չափով կարող էր աշխատել, ՀՅԴ-ի դեպքում այդ ինչ-որ չափովն էլ չէր կարող աշխատել, որովհետև ՀՅԴ-ն չի ընկալվում որպես ՀՀԿ-ի դեմ հիմնական մրցող ուժ: Իսկ եթե դու հիմնական մրցող ուժը չես, ապա չես կարող հաջողություն ունենալ: Եվ ՀՅԴ-ն, բնականաբար, պարտվեց, բայց միաժամանակ չպարտվեց, քանի  որ նախկինում ավագանու կազմում չի եղել: Այսինքն` ՀՅԴ-ն միաժամանակ և´ պարտվեց, և´ չպարտվեց»,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը:

Նրա կարծիքով` ՀՅԴ-ն պետք է ուշադրություն դարձնի իր կուսակցության ղեկավար անձնակազմին: Եթե այս ամենից հետո նրանք համապատասխան քայլերի չդիմեն, այսինքն` կուսակցության ղեկավարության մակարդակով առնվազն հրաժարական չներկայացնեն, ապա դա կլինի մեսիջ կուսակցության միջին և ցածր խավի գործիչներին առ այն, որ «եթե դուք ձեր առջև դրված խնդիրը չեք լուծում, ապա դրանից հետո պատասխանատվության չեք ենթարկվում»:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա, ըստ Բադալյանի, այդ ուժը չէր կարող Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել, որովհետև 2008 թվականի մարտի 1-ից հետո ՕԵԿ-ը դադարեց գոյություն ունենալուց, երբ կուսակցության առաջնորդը ՕԵԿ-ի ստացած ձայները փոխեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի հետ:

Անդրադառնալով «Բարև, Երևան» դաշինքին` Արմեն Բադալյանն ասում է, որ դաշինքն ստացավ այնքան ձայն, որքան խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնորեն ստացել էր Երևանում: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա մոտավորապես 70 հազար ձայն էր ստացել, իսկ Երևանի ավագանու ընտրություններում` մոտավորապես 35 հազար: Այսինքն` մոտ 50 տոկոսն է պահպանում և մտավ ավագանի»,- ասաց Բադալյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031