Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանի անկեղծ խոստովանությունը՝ ՀՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի մասին

Մայիս 07,2013 15:25

«Քաղաքապետի ընտրությամբ, ըստ էության, ավարտվեց ընտրական մի ցիկլ: Փաստ է, որ ՀՀԿ-ն երիցս հաստատեց իր հաղթանակը: Փաստվեց այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն վայելում է ավելի մեծ վստահություն, հարգանք, քան մյուս քաղաքական ուժերը»,- այսօր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը «Հայելի» ակումբում այսպես գնահատեց Երեւանի ավագանու ընտրությունները:

Նա ասաց, որ չի կարելի ժխտել, խախտումներ եղել են, բայց այդ խախտումները որոշակի ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա. «Հանրահայտ փաստ է, որ ցանկացած ամենախոշոր խախտումների ժամանակ արդյունքը կարող է շեղվել 10 տոկոսով: Երկու անգամ ավելի քիչ ձայն հավաքած կուսակցությունները իրենց պարտությունը պայմանավորում են ընտրախախտումներով»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ «Ես սկզբունքորեն կանխատեսում էի մոտավորապես այն պատկերը, ինչ մենք ունենք: Նախատեսում էի մեր ընտրական գործընթացների սովորական տրամաբանությամբ հաշվառումով, որտեղ եւ կեղծիքներն են աշխատում եւ հսկայական ֆինանսական ռեսուրսները եւ տագնապները»: Ըստ նրա, գործ ունենք հստակ իրավիճակի հետ. բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովրդի դժգոհությունը իշխանություններից 70-80 տոկոս է լինում, բայց ընտրություններին դա դառնում է վստահության մակարդակ, ինչը պարադոքս է:

Հրանուշ Խառատյանը նաեւ նշեց, որ քաղաքացիները չգիտեն, թե ինչ է անելու Տարոն Մարգարյանը 2013-ին, 2014-ին: Գիտեն, որ ասֆալտապատում կլինի. «Ընդհանրապես ծրագիր չկար, դրանք խոստումներ են»:

Մանվել Բադեյանը չհամաձայնեց: Նրա խոսքերով՝ բոլոր վերլուծությունները խոսքի, տրամադրությունների վերլուծություններ են, թե որքանով են այդ տրամաբանությունները ճիշտ՝ ցույց է տալիս հենց ընտրությունը. «Փաստ է, դրանից ավելի խոսուն փաստ չկա, քան ընտրության արդյունքները: Այո, փաստվեց հաղթանակը: Փորձում են պարտությունը բացատրել, թե վախեցրել են եւ ստորացրել, նվաստացրել սեփական ժողովրդին»:

Խոսելով հետազոտությունների մասին՝ Մանվել Բադեյանն ասաց, որ երբ ընկերուհիներն էլ հավաքվում են, բամբասում են, բողոքում են, որ իմ կյանքը լավ չի եւ այդ հարցումների արդյունքներն էլ դրա նման մի բան են:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ ԿԸՀ-ի հրապարակած թիվը մեկի համար փաստ է, մյուսի համար նկարած թիվ է:

Լրագրողները հետաքրքրվեցին Չարբախի դեպքերից, որտեղ առեւտուր է գնացել հենց ընտրատեղամասի առջեւ, ընտրակաշառք են բաժանել: Մանվել Բադեյանը հարցրեց՝ ո՞վ է բաժանել, ինչին եղավ պատասխան՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Իսկ երբ լրագրողները տեղեկացրին, որ այդ տեղամասում ՀՀԿ-ն պարտվել է՝ Մանվել Բադեյանը անկեղծ պատասխան տվեց. «Ուրեմն մենք այնտեղ ընտրակաշառք չենք բաժանել»՝ ակամայից փաստելով, որ հաղթում են այնտեղ, որտեղ բաժանել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նման համատարած խայտառակություն, որը տեղի ունեցավ մայիսի 5-ին, երկրի առաջին դեմքերը,
    եթե մի փոքր նամուս ունենային, ապա ինքնասպանություն կգործեին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031