Շախմատի աշխարհի թագի հավակնորդ Մագնուս Կարլսենը հայտարարություն է արել՝ կապված ՖԻԴԵ-ի հանրահայտ որոշման հետ:
Նա հիասթափություն եւ զարմանք է հայտնել Հնդկաստանի շախմատի ֆեդերացիայի հետ Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտը Չաննայում անցկացնելու մասին պայմանագիր ստորագրելու կապակցությամբ, որը կատարվել է այն կազմակերպելու համար ներկայացված մյուս հայտերի գործընթացը շրջանցելով: Առավել եւս, որ Փարիզի առաջարկությունը վկայում է, որ ընտրության տարբերակներ եղել են:
Այդուհանդերձ, Կարլսենը հայտարարել է, որ ինքն ու իր թիմը սկսում են նախապատրաստությունը մրցաշարին: Նրա խոսքերով, հիմա գլխավորը մրցամարտի պայմանների շուրջ հնդկական կողմի եւ ՖԻԴԵ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերելն է, ինչը, հավակնորդն ուզում է հավատալ, կընթանա հարթ եւ արագ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ