Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու չես գալիս և չես խոսում, ապա քո մասին են խոսում». Բորիս Նավասարդյան

Մայիս 07,2013 14:42

«Մշտադիտարկման ենթարկված 7 հեռուստաընկերություններից միայն 6-ի նկատմամբ խտրականություն չի դրսևորվել: Խտրականություն է դրսևորվել Հանրայինի կողմից «Առաքելություն» կուսակցության նկատմամբ»,- այսօր այս մասին  «Հենարան»  ակումբում ԵՄԱ-ի հրապարակած հեռարձակող մեդիաներում 2013 թվականի Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման  հաշվետվության ներկայացման ընթացքում ասաց ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Բանախոսի խոսքով` Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հարցազրույց» հաղորդման ընթացքում, այս կուսակցությունից որևէ ներկայացուցիչ երբևէ չի եղել. «Հավանական չեմ համարում, որ հրավիրած լինեին և վերջիններս  հրաժարվեին մասնակցությունից: Ամեն դեպքում, մենք կփորձենք սա պարզել: Մնացյալ 6-ի նկատմամբ հիմնական պահանջները ապահոված էին»:

Առավելագույնս լուսաբանվել է «Ժառանգության» և «Բարև Երևան»-ը միասին վերցրած գումարայինով,  սակայն իրենց տարբերությունը աննշան է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ. «Եթե վերցնենք ոչ թե եթերային ժամանակի ծավալը, այլ եթերում երևալու հաճախականությունը, ապա այստեղ առաջատարը Հանրապետական կուսակցությունն է»,-ընդգծեց Նավասարդյանը:

Նա նաև նշեց, որ հիմնականում բարձր տոկոսները ձևավորվել են Հանրապետական կուսակցության նկատմամբ և հիմնականում բացասական, որտեղ  28 դրական անդրադարձ և 153 բացասական անդրադարձ է գրանցվել: «Բացասական անդրադարձը հիմնականում ձևավորվել է «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների կողմից, քանի որ այս հեռուստաընկերություններում հրավերները չեն ընդունվել: Ստացվում է, որ եթե դու չես գալիս և չես խոսում, ապա քո մասին են խոսում»:

Լուսաբանման արդյունքում  առաջին տեղում է «Կենտրոն»  հեռուստաընկերությունը,  երկրորդ տեղում՝  «Երկիր Մեդիան», երրորդ տեղում` «Արմնյուզ» և չորրորդը` «Հ2»:

Ըստ Նավասարդյանի` ավագանու ընտրության ժամանակ իրավապահ մարմինները ավելի հետևողական էին, քան երբևէ, որը պայմանավորված էր սոցիալական ցանցերի ակտիվությամբ:

Բանախոսն անդրադառնալով տեղական և եվրոպական դիտորդական առաքելություն իրականացրած անձանց զեկույցներում առկա տարբերությանը` կապված ավագանու ընտրության հետ, ասաց. «Տարբերությունը եվրոպական և տեղական դիտորդների կայանում էր նրանում, որ այս անգամ եվրոպական դիտորդական առաքելություն իրականացնողները փոքրաթիվ էին և շատ լավ, խորքային չէին կարող տեսնել այն ամենը` ինչպես տեղական դիտորդները»:

Այնուամենայնիվ, բանախոսը կարծում է, որ 3 ընտրություններն էլ նույն որակով և մակարդակով են լուսաբանվել լրատվամիջոցների կողմից:  «Միայն եթե համեմատենք 2009 թվականի ավագանու ընտրությունների հետ, ապա այս անգամ լուսաբանումը եղել է շատ ավելի լավ, քան նախորդը»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031