Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը միայն երեկոյան է ահազանգ ստացել, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական, ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանը (լուսանկարում) ավագանու ընտրությունների օրը 8/8 եւ 8/9 տեղամասում համատեղության կարգով վստահված անձ է ներկայացել:
«Ինձ զանգահարել են երեկոյան ժամը վեցի մոտ , թե յոթի սահմաններում, նախագահին հանձնարարել եմ, որ Մեսրոպին հեռացնեն տեղամասից: Մեր հանձնաժողովի անդամը գնացել, ստուգել է՝ հեռացրել են, 100 %»,- Aravot.am-ին ասաց պարոն Գրիգորյանը:
Մեր հարցին, թե ինչպես է ՀՀԿ ավագանու թեկնածուին հաջողվել վստահված անձ ներկայանալ տեղամասում, պարոն Գրիգորյանն ասաց. «Ընտրական օրենքի խախտում է, երբ ավագանու թեկնածուն տեղամասում նաեւ վստահված անձ է ներկայանում: Բայց հանձնաժողովի նախագահը չի կարող հիշել այդ բոլոր անունները՝ հազարավոր վստահված անձ, ընտրողներն անընդհատ գալիս են, դիտորդներ, հանձնաժողովի անդամներ, անընդհատ զանգեր, պահանջներ, ինչ-որ դիտողություններ: Հանձնաժողովի նախագահը ի վիճակի չէ հիշել կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչների անունները, որ կարողանա համակարգի՝ այս ինչը թեկնածո՞ւ է, թե՝ վստահված անձ»:
Նրա խոսքերով, ԿԸՀ-ն վստահված անձանց վկայականները ոչ թե անվանական, այլ կուսակցությունների ներկայացրած թվով է տրամադրում: Կուսակցությանը կամ ավագանու թեկնածուին, որը վստահված անձ է ներկայանում, օրենքը վարչական տույժեր չի նախատեսում. «Այս դեպքում օրենքը ոչ մի կրիմինալ, քրեական բան չի համարում…հասկանում եմ՝ Մեսրոպը մթնոլորտ է շիկացրել, տրամադրություն է փչացրել, բայց դա էն խախտումը չէ, որ վերցնենք դրոշակ սարքենք»:
Կարդացեք նաև
Պարոն Գրիգորյանը նաեւ վստահեցրեց, որ բացի Մեսրոպ Մանուկյանից, այլ թեկնածուներ՝ վստահված անձ իրենց ընտրատարածքի տեղամասերում չեն ներկայացել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ