Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը սպասում է Ռուսաստանի արձագանքին՝ աբխազական երկաթուղու վերագործարկման վերաբերյալ

Մայիս 07,2013 14:26

Հարավային Կովկասի զարգացումը, տարածաշրջանում անվտանգության ապահովումը պայմանավորված է խաղաղ եւ անվտանգ գոյությամբ`բոլոր երկրների համար, իսկ դրա համար, Հարավային Կովկասի երկրների հակամարտությունները պետք է վերջնականապես կարգավորում ունենան: Այս իրողությունը փաստել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 83-րդ սեմինարին մասնակիցները, որը տեղի է ունեցել հարեւան Վրաստանում` ապրիլի 28-ից մայիսի 1-ը:

Սեմինարի աշխատանքներին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը եւ Թեւան Պողոսյանը:

Սեմինարը բավականին ներկայացուցչական է եղել, որին մասնակցել են ոչ միայն կառավարական շրջանակներից հայտնի եւ ազդեցիկ այրեր, այլեւ ոչ կառավարական, անկախ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Քննարկումների`Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններին վերաբերող մասից, այսօր մամուլի ասուլիսում ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն առանձնացրեց այն, որ հարցի հիմնական բանախոս, հայտնի փորձագետ Դենիս Լավուդը, փոխհարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման առումով,  իր խոսքում ավելի պակաս է կարեւորել Մինսկի խմբի գործունեությունը: Ըստ Լավուդի, պետք է փորձել գտնել նաեւ այլ ձեւաչափեր: Ի պատասխան՝ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյուն առանձնացնելը ճիշտ չէ, քանի որ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առանձին հարթություններում պետք է դիտարկել:

Իսկանդարյանը պատմական էքսկուրս է կատարել՝ հիշեցնելով, որ Հայաստանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կողմ չի եղել ու այժմ, քանի դեռ ԼՂՀ-ն ներգրավված չէ բանակցություններում, շատ մեծ հաջողությունները` կոնֆլիկտի կարգավորման գործում, չի կարելի ակնկալել, մանավանդ որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հռետորիկան եւ շփման գծի վերաբերյալ պայմանավորվածությունները: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով էլ, Իսկանդարյանը հիշեցրել է, որ հայտնի արձանագրությունները չեն վավերացվել Թուրքիայի կողմից եւ այդ երկիրը շարունակում է ոչ ճիշտ եւ ոչ կառուցողական վարքագիծը ու քանի Թուրքիան չի վերանայել իր հայացքները, այս հարցում եւս չի կարելի շուտափույթ առաջընթաց ակնկալել:

Իտալիայի նախկին վարչապետ Լամբերդո Դինին իր ելույթում հարց է հնչեցրել`եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ո՞ր պետությունն է պատրաստ աջակցել Ադրբեջանին ու ինքն էլ պատասխանել է, որ նման բան չի կարող տեղի ունենալ, միջազգային հանրությունը պետք է երաշխավոր հանդիսանա`այդ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Վրաստան-Ռուսաստան տնտեսական փոխհարաբերություններին վերաբերվող քննարկման ժամանակ հայկական պատվիրակության անդամները բարձրացրել են նաեւ աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկման հարցը: Վրաստանի տնտեսական նախարարի տեղակալը նշել է, որ այդ հարցում վրացական կառավարության կողմից որեւէ խոչընդոտ չկա եւ Վրաստանի վարչապետի կողմից այդ առիթով Հայաստանում հնչեցրած բոլոր առաջարկներն ուժի մեջ են: Փոխնախարարը նշել է, որ իրենք այժմ սպասում են ՌԴ-ի պաշտոնական հարցին եւ մինչ օրս ՌԴ իշխանությունները դեռ որեւէ կերպ չեն արձագանքել աբխազական երկաթուղու վերագործարկման հարցին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031