Մայիսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը հրապարակեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով 5 ամբաստանյալների դատավճիռը:
Դատարանը վճռեց քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան, գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել 1 տարի ազատազրկման,նրան մեղավոր ճանաչել նաեւ ՀՀ քր օրի 365 հոդվածով 1–ին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել 2 տարի ազատազրկման, մեղավոր ճանաչել նաեւ ՀՀ քր օրի 375 հոդվածի 1-ին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել 3 տարի ազատազրկման, մեղավոր ճանաչել նաեւ ՀՀ քր օրի 375 հոդվածի 2-րդ մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել 6 տարի ազատազրկման:
Դատարանը ՀՀ քր օրի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, որպես վերջնական պատիժ, Հակոբ Մանուկյանին դատապարտեց 10 տարի ազատազրկման:
Դատարանը վճռեց ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օրի 38-375 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 4 տարի ազատազրկման: Դատարանը վճռեց Ադիբեկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր օրի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել 4 տարի ազատազրկման; Դատարանը վճռեց Մխիթար Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր օրի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել 4 տարի ազատազրկման: Դատարանը վճռեց Հարութիկ Կիրակոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օրի 358 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման: Դատարանը վճռեց կիրառել ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2011թ. մայիսի 26-ին ԱԺ համաներում հայտարարելու մասին որոշումը եւ Հարութիկ Կիրակոսյանին ազատել պատժից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրողները պահանջել էին Հակոբ Մանուկյանին դատապարտել 13, Վահագն Հայրապետյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին, Մխիթար Մխիթարյանին` 4-ական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանին` 2 տարվա ազատազրկման:
Երբ Ս. Մարդանյանը հրապարակեց դատավճիռը, դատարանում լսվեց ամբաստանյալների հարազատներից մեկի բացականչությունը` «ամոթ»: Քիչ անց դատարանի դահլիճում ուժգին ճիչով ուշաթափվեց Ադիբեկ Հովհաննիսյանի մայրը, դատական կարգադրիչները նրան ջուր տվեցին, դատարան եկավ «շտապ օգնության» խումբը, բուժաշխատողները հուզմունքից ուշակորույս եղած կնոջը բուժօգնություն ցուցաբերեցին: Ադիբեկ Հովհաննիսյանի հայրը` Հրաչյան (այլ անունով`Ժիրայրը) զայրացել էր իր տղայի հանդեպ դատավճռից, դատարանի դահլիճում գոռալով` «էն էրեխեն ի՞նչ է արել, որ…»: Նաեւ վիրավորական արտահայտություններ էր ասում դատավորի եւ դատախազների հասցեին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ