Մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կսկսվի ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատական նիստը:
Ամբաստանյալները երեքն են` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը:
Մեղադրանքը կպաշտպանի ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վերահսկողություն իրականացնող վարչության դատախազ Արամ Ամիրզադյանը:
Առաժմ հայտնի է, որ միայն Վարդան Սեդրակյանն ունի պաշտպան` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալիկ Սիրունյանը: Մյուս երկուսի համար առաջարկներ են ստացել մի քանի փաստաբաններ, որոնք դեռ պայմանագիր չեն կնքել:
Կարդացեք նաև
Ըստ նախաքննությունն իրականացրած ԱԱԾ մարմնի, Վ.Սեդրակյանը մեղադրվում է, որ 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թ. հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:
Այդ նպատակով, ըստ մեղադրանքի կողմի, զենք ձեռք բերելու համար հիշյալ անձանց տվել է գումար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Իսկ ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ Սեդրակյանի մտերիմները տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել 1000 ԱՄՆ դոլար գումար: