Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ադրբեջանցիներին զրկել են ձայնի իրավունքից

Մայիս 07,2013 13:02

Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են եղել նաեւ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը եւ Թեւան Պողոսյանը, ապրիլի 28-ից մայիսի 1-ը Վրաստանում մասնակցել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 83-րդ սեմինարին, որը նվիրված է եղել Հարավային Կովկասի եւ Եվրոատլանտյան ինտեգրման հետանկարներին: Այսօր մամուլի ասուլիսում ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը ներկայացնելով քննարկման մանրամասները, ասաց, որ եռօրյա աշխատանքների ընթացքում, ի թիվս Հարավային Կովկասի եվրոինտեգրմանը վերաբերող տարբեր հարցերի, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը նվիրված հարցեր:

Վեհաժողովին մասնակցել է նաեւ Վրաստանի վարչապետը եւ եւ պաշտպանության նախարարը: Վրաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի անդամակցության եւ արտաքին գերակայությունների առումով Վրաստանի նոր կառավարությւոնը փոփոխություններ չի ծրագրում: Մեր պատվիրակության անդամները ներկայացրել են, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագիր չունի, որ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները գործընկերային են:

Վրաստանի վարչապետը շատ նրբանկատ է արձագանքել հայաստանյան պատվիրակության անդամների`ջավախահայության վերաբերյալ բարձրացրած հարցերին: Նա ասել է, որ լեզվի առումով խնդիր չեն տեսնում, բայց ազգային փոքրամասնությունները ինտեգրման առումով պետք է նաեւ վրացերենին տիրապետեն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նկատեց, որ Հայաստանը Վրաստանի եւ ընդհանրապես իր հետագա հարաբերությունների առումով պետք է հաշվի առնի այն, որ թեեւ Վրաստանում իշխանություն է փոխվել, բայց արտաքին գերակայությունների փոփոխություն չի եղել: Նա նկատեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչները բոլոր քննարկումների ժամանակ իրենց «ստանդարտների» մեջ են եղել`«գրավյալ 20 տոկոս» եւ այլն: Ադրբեջանցիների նման ոչ կառուցողական պահվածքը առիթ է դարձել, որ սեմինարի քննարկման առարկա դառնան Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ընդհանուր ժողովրդավարությանը վերաբերող հարցերը: Այդ պատճառով, նիստերից մեկի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչներին զրկել են ձայնի իրավունքից: Քննարկման մասնակիցները հորդորել են սեփական խնդիրները լուծել, հետո այլոց դասեր տալ:

Մի շարք մասնավոր հանդիպումներում հայկական պատվիրակության անդամները քննարկել են նաեւ հայ-վրացական հարաբերությունների բարելավմանը վերաբերվող հարցեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031