Հատված քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ հարցազրույցից:
-Ինչպիսի՞ պատկեր Է ընդդիմության դաշտում, եթե նկատի ունենանք, որ նրանցից միայն մեկին հաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը:
-Պարզորոշ դարձավ, որ որոշ ընդդիմադիր կուսակցություններ, ինչպիսիք են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, բավականին թույլ են: Պատճառներից մեկը թերեւս նախագահական ընտրություններում նրանց որդեգրած պասիվ կեցվածքն էր:
Իսկ «Բարեւ, Երեւանի» ստացած 8,48 քվեն եկավ հաստատելու, որ «Ժառանգություն» կուսակցության ընտրական վարկանիշն ամենեւին էլ այն չէ, ինչը կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ ձեռք բերել նախագահական ընտրությունների ժամանակ: Սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ չնայած նախորդ ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» կարողացավ հավաքել ընդդիմադիր ընտրազանգվածի որոշակի ձայները, սակայն անկարող եղավ հանդես գալ որպես ընդդիմադիր դաշտը միավորող քաղաքական ուժ:
-Հայաստանյան ընդդիմության համոզմունքն է, որ մեզանում երբեք ընտրություններով իշխանափոխություն չի լինի, հետեւաբար իրենց պարտության պատճառը համարում են միմիայն ընտրակեղծարարությունը, այդ կերպ անտեսելով սեփական սխալները:
-Այո, իսկ մեր ընդդիմադիրների բացթողումները բազմաթիվ են: Նախ ասեմ, որ տարածաշրջանի քաղաքական փորձը հակառակն է հուշում, որ ընդդիմությունն ունի հաղթանակի հասնելու լիարժեք հնարավորություն: Հարեւան երկրում` Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը փայլուն հաղթանակ տարավ, հետեւաբար նման պնդումները, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, ընդդիմությունը չունի հաղթելու հնարավորություն, թյուր են:
Ի դեպ, ընդդիմությունը մեծ հաջողություն գրանցեց նաեւ Մոլդովայում, Ուկրաինայում:
– Կնշանակի ինչ-որ բան պակասում է մեր ընդդիմադիրներին:
– Իհարկե, քաղաքական կամքը, ճիշտ գործելաոճը, ընտրություններին կազմակերպված ներկայանալը: Եթե այս ամենը կարողանան իրականացնել, համոզված եմ, որ կկարողանան վաստակել ընտրողների մեծամասնության քվեն: Մինչդեռ հայաստանյան ընդդիմությունը մշտապես լուրջ բացթողումներ է արձանագրում, դրանցից մեկն էլ նախագահական ընտրություններին նրանց չմասնակցելն էր: Չէ՞ որ նման վարքագիծը բացասաբար է անդրադառնում հաջորդ ընտրությունների արդյունքների վրա, ինչն էլ կատարվեց ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի պարագայում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»