Այն, որ ընտրություններից մեկ-երկու օր առաջ եւ հենց ընտրությունների օրը շատ տեղերում զանգվածաբար ընտրակաշառք էր բաժանվում՝ գաղտնիք չէ։ Բայց ընտրակաշառք վերցնողներին մեղադրելը նույնպես դժվար է՝ շատերի համար այդ 5-10 հազար դրամն իսկապես կենսական նշանակություն ունի, իրենք էլ՝ այլեւս որեւէ ուժի հետ հույս չկապելով, վերցնում են այդ փողը։ Բայց ուշադիր նայեք ընտրությունների օրը տասնյակ տեղամասերի ու ՀՀԿ շտաբների մերձակայքի իրադարձությունների տեսագրությունները, որոնք առատորեն հեղեղել էին համացանցը։
Ահա շքեղ հագնված, մազերը խնամքով հարդարած մի տիկին նույնպիսի այլ կանանց հետ խցկվում է միկրոավտոբուս, որը նրանց պիտի տանի ընտրատեղամաս։ Մոտենում է լրագրողը եւ հետաքրքրվում՝ ի՞նչ է տեղի ունենում։ Տիկինը ուղիղ նայում է տեսախցիկին (այսինքն՝ հազարավոր հեռուստադիտողների աչքերին) ու ասում՝ հա, հարեւաններով գազել ենք վարձել, որ գանք ընտրությունների։
Մեկ այլ՝ նույնքան խնամված տիկին հայտարարում է, թե միկրոավտոբուսի վարորդն իր ամուսինն է, լավ է արել՝ նստել է նրա մեքենան։ Միկրոավտոբուսների վարորդները՝ 40-50 տարեկան հասուն տղամարդիկ, ձայնին հնարավորինս լկտի երանգ տալով, լրագրողին հերթով ստեր են ասում՝ մեկն ասում է «ես ստեղ եմ ապրում, եկել եմ պերերիվ», մյուսն ասում է «մաշնես փչացել ա՝ կայնել եմ ստեղ», երրորդն ասում է «ակումլյատըրս ա նստել» եւ այլն։
Ահա ոչ վատ հագնված մի քանի տիկնայք, միմյանց թեւանցուկ արած, հպարտ-հպարտ, գլուխները բարձր, քայլում են դեպի ՀՀԿ մոտակա շտաբր (որտեղ պիտի ստանան իրենց 5 հազարական դրամները): Լրագրողը մոտենում է եւ հարցնում՝ կարելի՞ է իմանալ, թե ուր եք գնում։ Ոչ մի պատասխան։ Թշնամական մի հայացք են գցում լրագրողի վրա (այդ պահին նա իսկապես իրենց թշնամին է, որովհետեւ տեսականորեն կարող է վտանգել «մուֆթա» հինգ հազար դրամ աշխատելու գործընթացը) եւ շարունակում իրենց հաղթական ընթացքը։ Մի խոսքով՝ ակնհայտ է, որ այս դեպքերում ընտրակաշառք վերցնելու սոցիալական պատճառներ առանձնապես չկան։ Բայց նույնիսկ դա չէ ամենաահավորը, այլ այն, թե ինչ լկտիությամբ են այդ մարդիկ տեսախցիկների առջեւ ստում։ Կարող են, չէ՞, երթուղայինների վարորդները կամ հարգեւոր տիկնայք լրագրողի հարցին պատասխանել՝ աղջիկ ջան (կամ տղա ջան), ղու ամեն ինչ մեզանից լավ գիտես, ինչո՞ւ ես հարցնում։ Բայց՝ ոչ. նրանք իրենց պարտքն են համարում անպայման շշպռել լրագրողին (կամ դիտորդին):
Կարդացեք նաև
Հասկանալի է, որ այս մարդիկ մեծամասնություն չեն, բայց համաձայնվեք՝ նրանք «հանցավոր իշխանություններ» էլ չեն, սովորական ժողովուրդ են։ Եվ, ի դեպ, ոչ այնքան փոքրաթիվ։ Հաշվեք ընտրակաշառք վերցրածներին (ամենահամեստ հաշվարկներով՝ մի քանի տասնյակ հազար), ընտրակաշառք բաժանողներին (մի քանի հազար), ցուցակներ կազմողներին, վարորդներին, տեղամասերը «նայող» ջահելներին եւ այլն՝ առնվազն մի հարյուր հազար մարդ կստացվի։ Իսկ ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը հայտարարում էին, թե գալիս են, որ այդ մարդկանց ազատեն հանցախմբի ճիրաններից։ Պարզվեց՝ այդ մարդիկ առանձնապես չեն ուզում ազատվել այդ ճիրաններից եւ բոլոր «փրկիչներին» որպես թշնամի են ընկալում։
Մի խոսքով՝ մինչեւ վերջերս տպավորությունն այնպիսին էր, թե ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը պիտի պայքարեն ընտրակեղծիքների համակարգի դեմ, իսկ մայիսի 5-ին պարզ դարձավ, որ ընդդիմությունը պիտի պայքարի ե՛ւ ընտրակեղծիքների համակարգի, ե՛ւ այդ համակարգում ներգրավված տասնյակ հազարավոր հասարակ մարդկանց դեմ։ Իսկ սա տասնապատիկ բարդացնում է խնդիրը, որովհետեւ դժվար է ինչ-որ մեկին գերությունից ազատելը, եթե նա դիմադրում է եւ օգնություն կանչում։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»