Այսօր «Փաստարկ» ակումբում «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը գնահատական տվեց ավագանու ընտրություններին: Նա նշեց, որ պետք է մի փոքր ժամանակ անցնի, որ հասկանալի լինի, ինչ տեղի ունեցավ իրականում. «Ունենք այն ընտրությունը, որը տեղի ունեցավ: Ես կմեղադրեմ ոչ միայն իշխանություններին՝ դե հիմի իրենք սա են: Այլ ընտրություն չեն կարող կազմակերպել: 2007-ից հետո այսպիսի ընտրություն ես չէի տեսել: Նույնիսկ ծեծ ու ջարդով ընտրությունը որոշակի առումով ավելի քիչ քվեներ կեղծելու ազդեցություն է ունեցել, քան այն ընտրությունը, ինչ տեղի ունեցավ կիրակի օրը»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, տեղամասերի առջեւ համատարած ընտրակաշառք են բաժանել, նույնիսկ տեղեկություններ կան, որ բաժանել են նաեւ տեղամասի ներսում. «Մեր ընտրողը, որը բարեհաճ գտնվեց գումարի նկատմամբ, դա եւս փաստ է: Դրական մոտեցում է եղել գումարի նկատմամբ: Բայց արդյոք միայն քաղաքացի՞ն է մեղավոր, իհարկե՝ ոչ: Ընդդիմությունն է նաեւ մեղավոր: Այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որի արդյունքում քաղաքացին հիասթափվեց»:
Նա հայտարարեց, որ այսուհետեւ «Բարեւ Երեւան» դաշինքը պետք է ներկայացնի ողջ ընդդիմադիր ուժերին, նրանց քվեարկողներին Երեւանի ավագանիում. «Բարեւ Երեւան դաշինքին հաջողվեց առանց իր կողմից կեղծիքի՝ ավագանու անդամ դառնալ: Մենք ակնկալում էինք առնվազն առաջինը լինել»:
Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ 100-ից ավելի տեղամասերում վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել:
Կարդացեք նաև
Անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ պարոն Մարտիրոսյանն ասում է, որ մեզ փորձել են կաշառել 100 հազար դոլարներով՝ հարցին, թե ո՞վ էր փորձում կաշառել՝ Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ չի բացահայտի, թե ով է փորձել կաշառել:
Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ հետընտրական դաշինք կազմեք, կարելի՞ է նման բան կանխատեսել՝ նա պատասխանեց. «Բացարձակ, որովհետեւ Բարգավաճը ինքը իր ներսում որոշելու խնդիր ունի՝ ինքը որ դաշտում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ