Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ԲՀԿ-ի երկրորդ տեղ գրավելը, առաջին հերթին՝ թակարդ էր ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ով ԲՀԿ-ին տակավին վերջերս հռչակեց՝ որպես իշխանության կողմից հալածվող ուժ ու բուրժուադեմոկրատական հեղափոխության իրականացման փարոս:
ԲՀԿ-ին տալով երկրորդ տեղը Երևանի ավագանիում՝ իշխանությունը, մեղմ ասած, սեպ խրեց ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև: Կարելի է մազաչափ անգամ չկասկածել, որ ԲՀԿ-ն ընդունելու է ընտրությունների արդյունքները: Ոչ միայն այն պատճառով, որ 23 տոկոսն այնքան էլ վատ ցուցանիշ չէ «ոչ իշխանական ուժի» համար, այլ որովհետև՝ չընդունելու դեպքում իշխանությունն անմիջապես կարող է «օբյեկտիվ հետաքննություն» սկսել մայիսի 5-ին ընտրակաշառքի բաժանման տասնյակ ահազանգերի առնչությամբ: Այսինքն՝ ԲՀԿ-ն այս և բազմաթիվ այլ պատճառներով ոչ միայն ընդունելու է ընտրությունների արդյունքները, այլ գուցե նաև գոհ ու շնորհակալ է լինելու իշխանությունից:
Այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց շտապեց հայտարարել, որ մայիսի 5-ի ընտրությունները «ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդի դեմ»: Հիմա ԲՀԿ-ն կամ պետք է միանա ՀԱԿ-ին՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները կամ չճանաչելով դրանք, կամ պետք է կիսի «ժողովրդի դեմ կատարված հանցագործության» արդյունքում ստացած իշխանությունը ՀՀԿ-ի հետ: Բնականաբար, ԲՀԿ-ն ընտրելու է հենց երկրորդ տարբերակը՝ հերթական անպարկեշտ հարվածը հասցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը: Իհարկե, վերջինս՝ ապավինելով հայոց լեզվի ճկունությանն ու իր անգերազանցելի հռետորաբանությանը, կարող է որևէ հիմնավորում գտնել ԲՀԿ-ին հերթական անգամ արդարացնելու համար, ասենք՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ական ավագանիներն իրականում քաղաքապետարանում իրականացնելու են ՀԱԿ-ի հանձնարարականները՝ իշխանությունը ներսից տապալելու մասով, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվի:
Ռոբերտ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
«168 ժամ»