Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Այվազյան. «ՀՀԿ-ն այս ընտրություններից հետո շատ ավելի շահավետ պայմաններում հայտնվեց»

Մայիս 07,2013 12:05

«ՀՀԿ-ն այս ընտրություններից հետո շատ ավելի շահավետ պայմաններում հայտնվեց և ինչպես Ավետիք Իշխանյանն ասաց, Երևանում Տարոն Մարգարյանը հաղթեց Սերժ Սարգսյանին»,- այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում: Երևանի ավագանու ընտրությունների օրն իրենք արձանագրել են 570 խախտում, որոնք նաև հաղորդագրության միջոցով օնլայն համակարգով էին տարածվում:

Ս. Այվազյանը որպես առանձնահատկություն նշեց, որ այս ընտրությունները տեղի ունեցան նախագահական ընտրությունների «շոկից» հետո: Ս. Այվազյանը մասնավորապես շեշտեց նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված լցոնումների և այլ ընտրախախտումների, մրցակցության բացակայության մասին:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների գործընթացին՝ Ս. Այվազյանը նշեց. «Քվեարկության գործընթացն ավելի հաջող է անցել, և ՀՀԿ-ն բավականին լավ էր պատրաստվել այս ընտրություններին՝ կիրառելով արդեն փորձված մեխանիզմները, օրինակ՝ վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքները, որոնք համատարած բաժանում էին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Մյուս կողմից հանձնաժողովի անդամներն են լավ թրծվում այս ընտրական գործընթացներում, քանի որ նրանք ավելի լավ են սկսում տիրապետել այն գործիքներին, որոնց կիրառման դեպքում ամեն ինչ մաքուր կմնա, բայց կապահովեն համապատասխան ձայները: Օրինակ՝ ինչպես ասում են փողոցային, քուչի տղաների ռեսուրսների կիրառումը»:

Ս. Այվազյանը տեղեկացրեց, որ ամենաշատը ահազանգեր են ստացվել կուտակումների և կողմնակի անձանց ներկայացման մասին, հանրային տրանսպորտի միջոցով ընտրողների փոխադրումների, քվեարկողների օգնության, տարբեր գույների գրիչների օգտագործման մասին, եղել են ճնշումներ անգամ իրենց հղի դիտորդի նկատմամբ, մասնավորապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ս. Այվազյանը շարունակեց. «Ընտրախախտումների գրանցման մեծամասնությունը մերժվել է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների կողմից: Լայնորեն օգտագործվել է օրենքի մի բաց, այն որ ուղղակիորեն չի արգելվում արդյունքների հաշվարկի ժամանակ դուրսուներս անելը, ինչը հստակ չէ: Ընտրատեղամասերի մեծ մասում դուրսուներս են արել ավագանու թեկնածուներ և թաղային հեղինակություններ, ինչն ազդել է գործընթացի վրա»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, արդյոք ընտրությունների արդյունքները կանխատեսելի՞ էին և ինչի մասին են վկայում դրանք: Ս. Այվազյանը պատասխանեց. «Գրանցվեց հերթական խայտառակ ընտրությունը: Կանխատեսելի էր, որ պիտի փորձ արվեր կեղծել ընտրությունները, սակայն նախագահական ընտրություններից հետո հույս կար, որ ընդդիմության, կամ թեկուզ այսպես կոչված ընդդիմության ձայներն ավելի շատ կլինեն: Մասնավորապես ԲՀԿ-ի և մյուսների վերաբերյալ եմ ասում, քանի որ չնայած ես վստահ չեմ, թե որքանով է ԲՀԿ-ն ընդդիմություն, բայց այն այսպես կոչված ընդդիմություն է ընկալվում: Բայց դա տեղի չունեցավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031