Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ քաղաքական դաշտը նոր գաղափարների ու նոր դեմքերի կարիք ունի

Մայիս 07,2013 12:00

Չորս-հինգ տարվա ընտրական դադարից առաջ քաղաքական բոլոր ուժերին պետք են լծակներ՝ հետագայում իրենց գործունեությունը շարունակելու ու իրենց ներկայությունը ամրապնդելու համար։ Սա կասկածից դուրս է։ Բայց նաև նույնքան կասկածից դուրս է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո ևս երկրում բաց է մնալու ընդդիմադիր դաշտը։ Ընդդիմությունը Հայաստանի աքիլլեսյան գարշապարն է։ Պատճառների մեջ խորանալն անիմաստ է, երբ բոլորն ամեն ինչ գիտեն (իսկ Հայաստանի պես փոքր երկրում գաղտնիքներն ընդամենը ժամանակի հարց են), շատ դժվար է ընդդիմություն անվանվել ընդամենը մի քանի ընդդիմադիր ելույթի հիման վրա։ Հայաստանի ընդդիմությունը չունի գործողության ծրագիր, ավելին՝ չունի իր գործունեության գաղափարական հիմնավորումը։

Իշխանության դեմ պայքարը մնում է Հայաստանի ընդդիմության գլխավոր սխալը։ Պայքարել պետք է ոչ թե իշխանության դեմ, այլ սեփական ծրագրերի ու նպատակների իրականացման համար։ Ընդդիմությունը պատրաստ չէ համակարգային փոփոխությունների, բոլոր ընդդիմադիրներն էլ իրենց պատկերացնում են գործող իշխանության պաշտոններում՝ շարունակելու համարյա նույն կյանքը։ Սա է պատճառը, որ իշխանությանը լիովին հաջողվում է ինքնապահպանվել ու վերարտադրվել բոլոր մակարդակների ընտրություններում։

Ավելին՝ ընդդիմությունը Հայաստանում հավատում է հրաշքների, նրանք բոլորն ապավինում են արդար ընտրություններին, ու քանի որ Հայաստանում այդ հեքիաթը իրականություն չի դառնում, սպասում են։ Ոմանք՝ իշխանության ինքնալուծարմանը, որը ևս հեքիաթ է, ոմանք՝ դրսի ուժերի աջակցությանը, որը ավելի դաժան հեքիաթ է, ոմանք պարզապես սպասում են ֆորս մաժորի, որը հեքիաթ չէ, բայց նաև իրական չէ։ Համենայն դեպս, մոտ ապագայում։ Արտահերթ ընտրությունների ուրվականը Հայաստանում մարմին չի առնում։

Ակնհայտ է, որ քաղաքական դաշտը նոր գաղափարների ու նոր դեմքերի կարիք ունի։ Գործող կուսակցությունները, որոնք չեն մասնակցում ընտրություններին, արագ պետք է կողմնորոշվեն իրենց հետագա քայլերում, որովհետև եթե իշխանական կուսակցության կենսունակության պատճառը իշխանական լծակներն են, ընդդիմության կենսունակության հիմքը եղել ու մնում է ժողովուրդը իր մեծամասնության մեջ ընդդիմադիր՝ ելնելով իր կենսամակարդակից ու կենսակերպից։ Բայց հերթականությամբ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած բոլոր ընդդիմադիր ուժերը հետագայում գնացին քաղաքական դաշտում իրենց հավակնությունները հաստատելու ճանապարհով՝ մոռանալով ժողովրդին, որն այսօր ինքնաբերաբար առաջ է անցել նրանցից, ովքեր իրեն պետք է առաջնորդեին։ Սա Հայաստանի քաղաքական կյանքի հերթական աբսուրդն է։

Եվ եթե այս անգամ էլ ընտրությունների ելքը որոշեն ոչ թե ընտրողները, այլ «ընտրիչները», իսկ ընդդիմությունը շարունակի համատիեզերական անարդարությունից բողոքել, հաստատվելու է, որ իշխանությունը բոլոր հիմքերն ունի իր համար ընդդիմություն ստեղծելու ու նրան գործողությունների որոշակի շրջանակներ պարտադրելով՝ հարցը փակելու։

Այդպես եղել է շատ երկար ժամանակ, և առանց անուններ տալու էլ պարզ է, թե Հայաստանում համարյա մեկ տասնամյակ գործած «ընդդիմությունը» իրականում ինչպես և ում շահերն է սպասարկել՝ մնալով ալիքի վրա, իսկ բոլոր նրանք, ովքեր իրականում եղել ու մնացել են ընդդիմադիր, հայտնվել են փակուղում։ Կուսակցություն պահելը, այն էլ ուժեղ ու գործունակ կուսակցություն՝ իր մարզային կառույցներով, քաղաքական թանկ հաճույք է, իսկ իշխանությունն ամեն ինչ արել է այդ հաճույքը եթե ոչ վերացնելու, համենայն դեպս, նվազեցնելու համար։ Բոլոր առումներով՝ ֆինանսականից մինչև քաղաքական կապիտալ։ Բայց դա այն ճանապարհն է, որ տանում է ոչ միայն իրական ընդդիմության ոչնչացման, այլև իշխանության թուլացման։ Որովհետև իշխանությունն ու ընդդիմությունը ցանկացած երկրում ունեն նույն խնդիրները, ցանկացած երկրում ունեն նույն նպատակները, միայն ծրագրերի ու այդ ծրագրերի ընկալման տարբերությունն է որոշում նրանց հնարավորությունները։ Խոսքը, իհարկե, նորմալ, ժողովրդավարական երկրների մասին է։ Հայաստանն այդ ճանապարհին ինչքան է դոփելու ու դեգերելու, ցույց կտա ժամանակը։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031