Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միավորվել պետք էր դեռ ընտրություններից առաջ, եթե ընդդիմադիր ուժերը ցանկանում էին հասնել հաջողության

Մայիս 07,2013 11:50

Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին, ապա առաջինը, ինչի վրա կցանկանայինք ուշադրություն հրավիրել, հետընտրական դաշինք կազմելու եւ այդպիսով մայրաքաղաքում տեղական իշխանությունը «վերցնելու» մասին մի շարք «ոչ իշխանական ուժերի» հայտարարություններն են։ Եվ իսկապես, նախընտրական շրջանում գրեթե ամեն օր այս կամ այն «ոչ իշխանական» ուժի որեւէ ներկայացուցիչ նման մի բան էր հայտարարում, որից ծայր էին առնում խորիմաստ ու երկար դատողություններ։ Շարաններով։
Բավական հետաքրքիր տեսություն էր. ընդդիմադիր կամ ինչպես իրենք էին ասում (ԲՀԿ-ին չատ չնեղացնելու համար)՝ «ոչ իշխանական ուժերն» ընտրություններում ստանում են այնքան ձայն, որ հանրագումարում դառնում են մեծամասնություն, դաշինք են կազմում եւ իրենց միջից որոշում, թե ով է լինելու քաղաքապետը։ Որպես հաշվարկ, գեղեցիկ էր հնչում, գուցեեւ գայթակղիչ։ Իսկ գործնականում…
Իսկ գործնականում գրեթե անհնար մի բան էր, ինչը եւ ցույց տվեց մայիսի 5-ի քվեարկությունը։ Վերը նշված հաշվարկը գուցեեւ տրամաբանական էր, սակայն անիրատեսական, որովհետեւ ավագանու կազմում մեծամասնություն կազմելու համար նախ դեռ պետք էր հայտնվել նույն այդ ավագանու կազմում։ Այսինքն՝ ամեն մի կուսակցություն, մասնավորապես ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, պետք է առանձին-առանձին առնվազն 6 տոկոս ձայն ստանային։
Իրավիճակում, երբ ընդդիմադիր ուժերը հանդես էին գալիս տարանջատված, որքան էլ որ միմյանց «չկպնեին», նրանք մրցակիցներ էին եւ միմյանցից «ձայներ էին տանելու»։ Սա եւս նախընտրական շրջանում շարունակ հնչող արտահայտություններից մեկն էր։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։
Միավորվել պետք էր դեռ ընտրություններից առաջ, եթե ընդդիմադիր ուժերը ցանկանում էին հասնել հաջողության։ Դա թերեւս բոլորից լավ հասկանում էին ՀՅԴ եւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները, ուստի պատահական չէ, որ հենց նրանք էին առավել ընդգծված հանդես գալիս միավորման օգտին։ Չստացվեց։ Չկարողացան։ Գուցե հավակնությունները խանգարեցին, գուցե այլ գործոններ։ Բայց փաստն այն է, որ չկարողացան միավորվել։
Ըստ որում, այնպես չէ, որ եթե միավորվեին, ապա նրանց ստացած քվեները լինելու էին այժմ ստացածների մաթեմատիկական գումարը։ Միավորման ու համախմբման պարագան թույլ էր տալու նկատելիորեն ավելի շատ ձայն ստանալ։
Իսկ այսպես ունենք այն, ինչ ունենք։ Երբ աղմուկը շատ է լինում, իսկ հետեւություններ չկան, դժվար է այլ բան սպասել։
Ոչ պակաս ուշագրավ է «Ժառանգության» («Բարեւ, Երեւան» դաշինքի) ստացած մոտ 8,5 տոկոսը։ Իրավիճակում, երբ ընդամենը երկու ամիս առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանում մեծ թվով ձայներ էր ստացել, իսկ առանձին վարչական շրջաններում անգամ առավելության էր հասել, նրա դաշինքը ստանում է 35 հազարից քիչ ավելի քվե։
Եթե մանրամասները շրջանցենք, ապա այն «1 քայլ առաջ, 2 քայլ հետի» մարտավարությունը, որ որդեգրեց Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո, փաստորեն փոշիացրեց նրա ստացած առավելությունը։ Այդ քաղաքական կապիտալը մսխվեց մարզային իրարահաջորդ այցերով ու հացադուլծոմապահության օրերին, անորոշ հայտարարություններով ու ցուցադրական էֆեկտների վրա եղած ուժերը ծախսելով։ Ուստի մայիսի 5-ին ստացած տխուր արդյունքն այդ ամենի անխուսափելի, բայց նաեւ կանխատեսված հետեւանքն է։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031