Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս հանցագործությունները կարող էին կանխվել, եթե հոգեբույժները պատշաճ կերպով կատարեին իրենց մասնագիտական պարտականությունները

Մայիս 07,2013 11:34

Երեկ արտառոց դեպք է գրանցվել Երեւանի Թումանյան փողոցում տեղակայված «Ինեկոբանկի» գլխավոր մասնաճյուղի տարածքում։ Զինված անձը մտել է բանկ, գրպանից հանել ատրճանակը եւ սկսել խաղալ հետը։ Երբ բանկի անվտանգության աշխատակիցները վնասազերծել են «զինված հաճախորդին», պարզվել է, որ  ատրճանակը ոչ թե իսկական է, այլ խաղալիք, իսկ հաճախորդն էլ ոչ թե ավազակ է, որը ցանկանում էր գումար հափշտակել բանկից, այլ հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացի՝ Երեւանի բնակիչ 31-ամյա Արթուր Գյուլումյանը, որը հաշվառված է հոգեկան նեւրոլոգիական դիսպանսերում։

Նկատենք, որ վերջին շրջանում չափից ավելի են հաճախակիացել նմանօրինակ միջադեպերը, երբ հոգեկան շեղումներով անձինք դիմում են տարբեր հանցագործությունների։ Ամենաաղմկահարույց վերջին օրինակներից մեկը երկու ամիս առաջ ԱԺ-ի վրա կատարված հարձակումն էր, երբ դարձյալ հոգեկան շեղում ունեցող անձնավորությունը փորձ էր արել դանակով մտնել Ազգային ժողով՝ սպառնալով մորթել պատգամավորներին։

Ու եթե նշված երկու դեպքերում հաջողվեց չեզոքացնել հոգեկան խնդիրներ ունեցող այդ անձանց եւ կանխել հնարավոր հանցագործությունները, ապա ոստիկանական ամփոփագրերում սարսափելի պարբերականությամբ հայտնվող բազմաթիվ այլ դեպքերում հանդիպում ենք սահմռկեցուցիչ հանցագործությունների, որոնք ավարտվում են սպանություններով։

Ամենադաժան օրինակներից մեկը անցած տարի Լոռու մարզի Դարպաս գյուղում գրանցված դեպքն էր, երբ հոգեկան հիվանդ 34-ամյա երիտասարդը մորթել էր հարազատ հորն ու կնոջը, որն այդ պահին կերակրելիս էր եղել ծծկեր երեխային։ Ընդ որում, նման հնարավորության մասին ոստիկանությունը տեղեկացված էր եղել, սակայն բավարարվել էր ընդամենը մեկ օր առաջ հոգեկան հիվանդից բռնություն չգործադրելու մասին ստորագրություն վերցնելով։

Իսկ մեկ այլ դեպքում՝ Արարատի մարզում, հարազատ որդիներին կախած 34-ամյա Ռոզա Ալոյանին դատավորը հանձնել էր երեխաների խնամակալությունը՝ առանց հաշվի առնելու այն փաստը, որ նա հոգեկան հիվանդ է։

Դե իսկ Կոմիտասում գրանցված դեպքը, երբ որդին սպանել էր տարիներ շարունակ իրեն խնամող եւ կյանքը զոհաբերած մորը, ընդհանրապես կարծես սարսափ պատմություն լինի։ Այս ցուցակը, ցավոք, կարելի է շատ երկար թվարկել, եւ գրեթե բոլոր դեպքերում էլ կատարված հանցագործությունները կարող էին կանխվել, եթե իրավապահները եւ հոգեբույժները պատշաճ կերպով կատարեին իրենց մասնագիտական պարտականությունները։

Բայց այստեղ կա նաեւ լուրջ օրենսդրական խնդիր. գործող օրենքը հնարավորություն է տալիս պոտենցիալ վտանգավոր հոգեկան հիվանդին բուժել առանց մեկուսացնելու։ Ավելին, գործող կարգի համաձայն՝ հոգեկան հիվանդն ինքն է որոշում բուժումը ստանալ հիվանդանոցում, թե տանը։ Իհարկե, գուցե եւ այդ հիվանդների իրավունքների տեսանկյունից սա մարդասիրական մոտեցում է, սակայն հանրային անվտանգության առումով՝ խիստ վիճելի ու վտանգավոր է: Եվ երեկվա դեպքը այս հարցի շուրջ մտածելու լրացուցիչ առիթ է:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031