Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց քաղաքական դաշտի վերջնական մենաշնորհացման գործընթացը

Մայիս 07,2013 11:22

Երեւի շատերը նկատեցին, որ խորհրդարանական ընտրություններին աշխատեցված ողջ ընտրամեխանիզմը կիրառվեց նաեւ այս ընտրություններին, եւ բնորոշումների առումով ամենից ճիշտը գուցե «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանն էր` «կանխավ պարտված ընտրություններ» հետընտրական պայծառացումով: Ու, իսկապես, այս ընտրություններն ավարտվել էին արդեն խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ, հատկապես վերջին դեպքում, երբ թվով երկրորդ քաղաքական ուժը որոշեց չխանգարել ՀՀԿ թեկնածուի ընտրությանը: Այդ դեպքում անհասկանալի է մնում մեկական հարց` ուղղված ընդդիմությանն ու իշխանությանը: Ինչո՞ւ մասնակցել այդ կանխատեսելի ընտրություններին եւ պարտվել` ընդդիմության մասով, եւ ՀՀԿ-ի մասով` ընդդիմադիր ընտրազանգվածին անտարբերությունից հանող դեմքերի բացակայության եւ առկա ընդդիմությունից հիասթափվածության պայմաններում:

Ինչո՞ւ գործադրել ահռելի ֆինանսական ու վարչական ռեսուրսը, եւ որ ավելի կարեւոր է` ինչո՞ւ նորից թաղի խաժամուժը լցնել ընտրատեղամասեր եւ զորաշարժել (նրանց ներկայությամբ վիրավորելով նորմալ ընտրողին), քանի որ ՀՀԿ-ն ու նրա թեկնածուն վարչական ռեսուրսի առկայությամբ ու լուրջ մրցակցի բացակայությամբ ոչ մի շանս չունեին… պարտվելու: Հավանաբար ՀՀԿ-ին, այնուամենայնիվ անհանգստացրել է ԲՀԿ-ն, եւ նա իրեն ապահովագրել է պարզապես ավանդական մեթոդներից եւս չխորշելով:

Այսպիսով` ավարտվեց քաղաքական դաշտի վերջնական մենաշնորհացման գործընթացը, ինչը ՀՀԿ-ին թույլ կտա ընդհանրապես իրենով անել ամեն ինչ եւ ամեն բան ողջ Հայաստանով եւ Երեւանով: Առաջին հայացքից դա կարող է ՀՀԿ-ի ներսում լավ գնահատականի արժանանալ, քանի որ ՀՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի իր կուսակիցներով միայնակ կառավարելը շարունակելու, իրեն ցանկալի օրենքներն ընդունելու կամ խաղի կանոններ սահմանելու: Հեշտ որոշումներ, առանց լուրջ դիմադրության աշխատաոճ, սա է ենթադրելին: Սակայն, մյուս կողմից, միայնակ կառավարելը նաեւ շատ մեծ վտանգներ ունի իր մեջ: Միայնակ պատասխանատվություն ստանձնել ամեն ինչի համար` ե՛ւ լավի, ե՛ւ վատի, արտագաղթի, սոցիալական վատ վիճակի, անարդարության մեծ դոզայի առկայության, մի խոսքով` դժգոհության եւ ատելության միայնակ հասցեատեր դառնալու վտանգն առկա է: Այս իմաստով թերեւս ՀՀԿ-ն գուցե խնդիր ունենա, այո, կոալիցիա կազմելու:

ԲՀԿ-ն, որ նախապես ակնկալում էր մոտ 30 տոկոս քվե, գումարած ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի տոկոսները` եթե նրանք անցնեին, ու այդպիսի դեպքում քաղաքային ավագանիում ահագին գլխացավանք կարող էր ստեղծել ՀՀԿ-ի համար, այժմ զրկվեց հնարավոր դաշնակիցներից ու ՀՀԿ-ին հակակշիռ դառնալու հնարավորությունից (եթե, իհարկե, նա այդպիսի խնդիր իրականում դրել էր իր առաջ): Եթե ԲՀԿ-ն դասական քաղաքական ուժ լիներ, մենք հանգիստ կարող էինք կանխատեսել, որ մոտակա տարիներին ԲՀԿ-ն պետք է դառնա ընդդիմություն, այնուհետեւ նորանա ու նոր ձեւավորվող ընդդիմադիր հոսանքերով հարստանալով` հաջորդ խորհրդարանական ընտրություններին վերջապես ՀՀԿ-ին փոխարինի: Սակայն ամբողջ բանն այն է, որ ԲՀԿ-ն դասական քաղաքական ուժ չէ, այնտեղ քիչ են քաղաքական գործիչները, շատ` գործարարներն իրենց շահերով: Այդ իսկ պատճառով, եթե ՀՀԿ-ն առաջարկի` ԲՀԿ-ն կարող է եւ կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, եւ ինչպես ԶԼՄ-ներն էին գրում, եւ ավագանիում, եւ խորհրդարանում ու նախարարական պորտֆելներ վերցնելով կրկին կդառնա կառավարող ուժ: Իսկ ՀՀԿ-ին դա պետք կլինի ավելի լոյալ ու հանդուրժողական երեւալու, ավելի ոչ կոնֆլիկտային միջավայր ձեւավորելու համար: Իսկ թե ո՞ր ճանապարհը կընտրվի` պարզ կլինի ընդամենն այսօր, վաղը, երբ Սերժ Սարգսյանը կառավարություն կձեւավորի, ինչպես Հովիկ Աբրահամյանն է ասում, մեկ-երկու օր համբերենք: Եթե ԲՀԿ-ին նախարարական պորտֆելներ չտրվեն, ուրեմն առավել հեռահար գործընթացներ են սկսվելու:

Իսկ ընդհանուր առմամբ` այս ընտրությունները վերջնականապես զուլալեցին ջրերը: Նախ` ընտրողը վերջնականապես անկյուն քշեց օրվա ընդդիմությանը: Դժգոհեն, թե չդժգոհեն ընտրողից, նրան կաշառված անվանեն-չանվանեն` պարզ դարձավ, որ նա հույս չի կապում ընդդիմադիր միավորների հետ. եթե ընտրողն այլընտրանք տեսներ, անպայման կընտրեր նրան, անկախ նրանիցՙ իրեն 10 թե 15 հազար դրամ կառաջարկեին, որքան էլ նրան կանաչ գրչով քվեարկել պարտադրեին, կամ մեքենայով ընտրության բերեին, կամ շենքի պատասխանատուն ակնդետ հետեւեր, թե «իր» մարդկանցից ով եկավ ընտրության, ով` ոչ: Հստակ այլընտրանք չի տեսել ընտրողը, ընդդիմության բոլոր միավորները սպառել են իրենց ռեսուրսները (անգամ 8 տոկոս հավաքած «Բարեւ, Երեւանը»), եւ ընտրողին զանազան պիտակներ կպցնելն այստեղ ոչինչ չի կարող փոխել:

Հիմա ընդդիմադիր դաշտը մնաց ձեռնունայն, եւ ընդհանրապես` ավագանու ընտրությունները դարձան վերջին շտրիխը քաղաքական դաշտում անխուսափելի մեծ փոփոխություններից առաջ: Հավանաբար այս տեսքով, այս ղեկավարներով ընդդիմությունն այլեւս ամուլ է, եւ ընդդիմադիր միավորները կկարողանան շարունակել ինչ-որ դերակատարություն ունենալ, եթե բովանդակային, եւ ինչու չէ, ատրիբուտային փոփոխությունների կենթարկվեն: Սակայն հասարակությունն արդեն ինքն առաջ կնայի` իր միջից նոր ընդդիմադիր միավորներ առաջ մղելով եւ ըստ էության փոփոխությունների ենթարկելով երկրի ընդդիմադիր դիմագիծը:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031