Ակնհայտ է, որ ԲՀԿ-ականների հաշվարկի համաձայն՝ ձայների որոշակի լուրջ խմբաքանակ իրենք պետք է ստանային այն քաղաքացիների կողմից, ովքեր անսալու էին Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչությանը, մնացածն էլ լրացնեին սեփական ունակություններին համապատասխան, այսինքն՝ փողով ձայն առնելով…
Մյուս կուսակցություններն էլ հույս ունեին, որ օգնելով ԲՀԿ-ին եւ իրենք էլ որոշակի ձայն հավաքելով կմիավորվեին եւ կձևավորեին Երեւանի իշխանությունը։ Ընդ որում, այս սցենարի մեջ, ըստ էության, չէր մտնում «Բարեւ Երեւան» դաշինքը, որի դեմ անխնա հակաքարոզչություն էր իրականացվում դեռեւս փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո։
Թեպետ մայիսի 5-ի ընտրության ժամանակ ՀՀԿ-ի տապալման միակ հույսը բոլոր քաղաքական ուժերին ներշնչել էր հենց փետրվարի 18-ի նախագահական ընտրության արդյունքը, ավելի կոնկրետ՝ ընդդիմադիր թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների անակնկալ ու տպավորիչ քանակությունը: Քաղաքական ուժերը բոլոր տեսակի հաշվարկներն արել էին, սակայն իրենց հաշվարկներում կարծես թե թերագնահատել էին մի շատ կարևոր գործոն. ընտրողին։ Մայիսի 5-ի ընտրության արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրողն ինքն է որոշում երբ եւ ինչպես քվեարկել, երբ՝ ինչ անակնկալ անել։ Եվ ինչպես նախագահական ընտրություններում ընտրողը անակնկալ մատուցեց ի հեճուկս ավանդական կեղծիքների եւ մանիպուլյացիաների՝ միահամուռ ընտրելով Րաֆֆի Հովհաննիսյանին, այնպես էլ ավագանու ընտրություններում անակնկալ մատուցեց՝ թույլ տալով ավանդական կեղծիքին ու մանիպուլյացիային հաղթել: Սա նույնպես ընտրություն է, որի հետեւանքը շատ ավելի խորն է, քան ՀՀԿ-ի հաղթանակն ու ՀՀԿ-ական քաղաքապետի թագադրությունը։
Սա երկրում քաղաքական նոր իրավիճակ արձանագրելու ընտրություն էր։ Իսկ այդ նոր իրավիճակը հետեւյալն է. ՀՀ-ում կա երկու կուսակցություն, որ ունակ է հանուն իշխանության կեղծիքների դիմել, ընտրողների ձայները առնել, դրանք են՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, և կա թույլ ընդդիմություն՝ ի դեմս «Բարեւ Երեւան» դաշինքի, կամ «Ժառանգություն» կուսակցության։ Վերլուծելով 2009 թվականից այս կողմ անցկացված ընտրությունների արդյունքները, եւ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, եզրակացությունը մեկն է. մայիսի 5-ի ընտրությամբ վերոնշյալ արձանագրումն արվեց երկրում, ոչ թե որովհետեւ ՀՀԿ-ն «լավ աշխատեց», շատ փող բաժանեց, կամ վախեցրեց ու ահաբեկեց ընտրողին, այլ որովհետև ընտրողն այդպես ցանկացավ։ Չէր կարող ընտրողը, որ չվաճառվեց փետրվարի 18-ին եւ ձայն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին (Երևանում նա ստացել է 181 հազար 027 ձայն) երեք ամիս հետո հանկարծ այնպես ահաբեկվել, կամ փողի գայթակղությանը չդիմանալ, որ նրա ղեկավարած ուժին տար 35 հազար 732 ձայն։ Կամ 2013 թվականին Երևանի ընտրողը չէր կարող ավելի ահաբեկված եւ վաճառվող լինել, քան 2009 թվականին, երբ ՀԱԿ դաշինքին տվեց 69 հազար 140 ձայն, իսկ 2013-ին՝ 15 հազար 999 ձայն։ Ճիշտ է, նախագահական ընտրության տապալումը հաշվի առնելով՝ ՀՀԿ-ն այս անգամ գերազանցեց ինքն իրեն, և 2009 թվականի Երեւանի ավագանու ընտրություններում իրենց ստացած (186 հազար 630 ձայն) և նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի Երեւանում ստացած (208 հազար 349 ձայն) ձայներից բավական մեծ թվով ձայն «ստացավ», բայց նորից ենք կրկնում, դրա համար նա պարտական է ոչ թե վարչական ռեսուրսին, ոչ թե փողին եւ այլն, այլ Հայաստանի քաղաքական դաշտում գործող ընդդիմադիր ուժերին։ Եթե ավելի պատկերավոր նկարագրենք այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 5-ի ընտրություններում, ապա պետք է արձանագրենք հետևյալը՝ Երևանի ընտրողը պետք է ընտրեր երկու տեսակի մանիպուլյացիայի եւ կեղծիքի միջև՝ փողային եւ գաղափարական։ Երեւանի քաղաքացին թույլ չտվեց, որ տեղի ունենա երկրորդը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հանրային գիտակցություն կոչվածը հզոր երեւույթ է, եւ այս ընտրության արդյունքները փաստում են, որ հանրությունը գիտակցում է՝ առաջին կեղծիքի հետևանքները շատ ավելի հեշտ և կարճ ժամանակում կարելի է վերացնել, իսկ երկրորդինը՝ գաղափարական կեղծիքի ու մանիպուլյացիայի հետեւանքները, կարող են տասնամյակներով արմատավորվել:
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»