Ինչո՞ւ ընդդիմությունը խայտառակ պարտություն կրեց Երևանի ավագանու ընտրություններում։ Այս հարցը դեռ որոշ ժամանակ քննարկվելու է, սակայն արդեն իսկ պատասխանները մտորումների տեղիք են տալիս։
Կեղծե՞լ են։ Այս պատասխանն այլևս չի անցնում։ Որովհետև հաջորդ հարցն ավելի դաժան է, ու պատասխան գտնելը՝ ավելի դժվար: Ինչպե՞ս կարողացան կեղծել։ Չէ՞ որ ընդդիմությունը հայտարարում էր, որ տեր է կանգնելու իր ձայներին։ Իսկ եթե խոստանում ես ու տեր չես կանգնում՝ դա արդեն նշանակում է, որ խոստումդ չես կատարում։ Ունակ չես։ Իսկ եթե մի հարցում խոստումդ չես պահում, ապա ի՞նչ երաշխիք կա, որ կպահես մյուս հարցերում՝ իշխանության գալու դեպքում:
Դրա համար էլ պարտության մեղքը գցում են ժողովրդի վրա։ Այսինքն՝ ասում են՝ ընտրակաշառք են վերցրել, ծախվել են, մենք ի՞նչ անենք։ Ու եթե նախկինում դա անում էին քողարկված՝ ընտրողներին չվիրավորելու համար, ապա այսօր բացահայտ իրենց ձախողման մեղավոր համարում են ժողովրդին։ Օրինակ, ՀԱԿԿ անդամ Զոյա Թադևոսյանը News.am-ի հետ զրույցում ասել է. «Ես կարծում էի՝ մարդկանց մեջ ինչ-որ տեղ արժանապատվությունը ցավում է, և այդ ցավացող արժանապատվության համար պետք էր ուղղակի մերժել հանցագործներին: Բայց, փաստորեն, չի ցավում, կամ արժանապատվությունն ինչ-որ գումար արժի, երբ գումարը կա, արժանապատվությունը դառնում է երկրորդական»:
Պա՞րզ է։ ՀԱԿ-ը պարտվել է, որովհետև ժողովրդի մեծ մասը վաճառել է իր արժանապատվությունը կամ չի հոգում դրա մասին։ Իսկ արդյո՞ք ինքը՝ քաղաքական ուժը, որևէ մեղավորություն չունի ձախողման համար։ Այս հարցն արդեն որպես վիրավորանք է ընկալվում. «Եթե մարդիկ փող են վերցնում և գնում-քվեարկում, Կոնգրեսի մեղավորությունը ո՞րն է, Կոնգրե՞սն է երկրի իշխանության տերը, Կոնգրե՞սն է որոշում՝ հասարակության արժանապատվություննն ինչ տեղում պետք է գտնվի, ուրեմն ստացվում է, որ գողը մեղավոր չէ, գողին բռնել չկարողացողն է մեղավոր»: Ահա այսպիսի մոտեցում։ Տեսնես աշխարհում կա՞ նման նախադեպ, երբ քաղաքական ուժն իր պարտության մեղքը գցի ընտրողի վրա՝ չեմ ընտրվել, որովհետև չեն ընտրել։
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ չեն ընտրել։ Չէ՞ որ կարող էին գումարը վերցնել ու ձեզ ընտրել, ինչպես, ըստ լուրերի, եղավ Գյումրիում նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս հարցը պատասխան չի ստանում։ Իհարկե, ընտրակաշառք վերցնելը լավ բան չէ։ Բայց եթե ընդդիմադիր ուժն այս ժողովրդին (կամ նրա մեծ մասին) համարում է քրոնիկ ծախվող, դա նշանակում է՝ Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինի։ Որովհետև, եթե ժողովրդի վիճակը վատանա, աղքատությունն աճի, մարդիկ օրվա կարիքները հոգալու համար ավելի մեծ պատրաստակամությամբ կվերցնեն 5000-10000 դրամը և ձայնը կտան իշխանությանը։ Իսկ եթե հակառակը՝ վիճակը լավանա, ապա ինչո՞ւ պետք է դեմ քվեարկեն իրենց վիճակը բարելավող իշխանություններին։
Ստացվում է փակուղի, որովհետև մի կողմից՝ ընտրությունների միջոցով անհնար է իշխանություն փոխել՝ ժողովրդի ծախվածության պատճառով, մյուս կողմից՝ հայտարարում ես՝ ամեն ինչ սահմանադրական ճանապարհով։ Ու եթե այսքանից հետո շարունակում ես խոսել պայքարի մասին, ուրեմն դա, մեղմ ասած, քամի է, և կապ չունի՝ սարերի՞, թե՞ տափաստանային։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«168 ժամ»