Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին 2010-2012 թվականներին հատկացված միջոցները, որպես դրամաշնորհներ, հատկացվել են նույն մարդկանց հիմնադրած հասարակական կազմակերպություններին։ Այս ՀԿ-ների մեծ մասն իրականում չկա՝ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում դրանք գրանցված են գոյություն չունեցող հասցեներով։ Ստացած գումարի ծախսի մասին էլ ոչ մի հաշվետվություն չկա։ Նրանց մասին տեղեկություններ չկան նաեւ համացանցում։
Պարզվում է՝ «լավագույն ավանդույթները» շարունակվում են նաեւ 2013-ին։ Այս տարվա առաջին եռամսյակի համար եւս գումարներ են տրվելու նույն անձանց հիմնադրած կազմակերպություններին։ Այսպես. «Երիտասարդները՝ հանուն բարեփոխումների» հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրներ՝ Արամաղանյան Զարուհի, Մխիթարյան Գեւորգ, Գեւորգյան Վալենտինա, Գեւորգյան Տաթեւիկ, Հարությունյան Ինգա։ Սա 2010-ին փող ստացած (12 միլիոն դրամ) եւ հաշվետվություն չներկայացրած կազմակերպություններից է։ «Բարեփոխում եւ արդիականացում» հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրներ՝ Աճեմյան Նունե, Խաչատրյան Լիա, Գեւորգյան Վալենտինա, Գեւորգյան Տաթեւիկ, Հարությունյան Ինգա։ Սա եւս 2010-ին փող ստացած (11 միլիոն դրամ) եւ հաշվետվություն չներկայացրած կազմակերպություններից է։ «Անկախության կրողները» հասարակական կազմակերպություն։ Հիմնադիրներ՝ Գեւորգյան Վալենտինա, Գեւորգյան Տաթեւիկ, Ներսիսյան Սուրեև, Տեր-Ղազարյան Սոֆյա։ Սա եւս 2010-ին գումար ստացած (8,5 միլիոն դրամ) եւ հաշվետվություն չներկայացրած կազմակերպություններից է։ «Զբաղվածության խթանում» ՀԿ։ Հիմնադիրներ՝ Արամաղանյան Զարուհի, Հարությունյան Էդուարդ, Բալաբեկյան Ամալյա։ 13 միլիոն դրամ գումար է ստացել 2011-ին, սակայն, վերոնշյալների նման, հաշվետվություն չի ներկայացրել:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
«Հրապարակ»