ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանն այսօր հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համառոտ տեղեկատվություն՝ 2013 թվականի հունիսի 1-ին, Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի փաստական հանգամանքների մասին։
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ զինվորական դատախազը մասնավորապես հայտնել է հետեւյալը.
«Տեղի է ունեցել զինված հարձակում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց՝ փողոցում, հարձակման ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով 1 անձ մահացել է, 2 անձ` ստացել հրազենային մարմնական վնասվածքներ: Նախաքննությունը սկսել և վարել է Սյունիքի մարզի քննչական բաժինը, այնուհետեւ դեպքից մի քանի ժամ անց գործը փոխանցվել է ըստ քննչական ենթակայության՝ ՊՆ քննչական ծառայությանը և համապատասխանաբար անցել զինվորական դատախազության հսկողության տակ: Նախաքննության թե՛ սկզբնական, թե՛ հաջորդող փուլերում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատաձգաբանական, մատնադրոշմային, կենսաբանական և այն: Առաջնահերթ, սկզբնական քննչական գործողությունների արդյունքում գործով ներգրավվել է երկու մեղադրյալ. երկու անձի մեղադրանք է առաջադրվել և, ինչպես հայտնի է, միջնորդություն ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է»:
Գ.Կոստանյանը նաեւ փաստել է, որ մեղադրյալները գտնվում են «Նուբարաշեն» ՔՀԿ-ում եւ այնտեղ կմնան առնվազն մինչեւ նախաքննության ավարտը՝ նկատի ունենալով, որ գործի նախաքննությունն իրականացնում է ՊՆ հատկապես կարևոր գործերի քննության բաժինը, որը գտնվում է Երևանում, և, հետևաբար, կալանավորված անձանց Երևանում գտնվելը անհրաժեշտություն է:
Կարդացեք նաև
«Արարքների որակումներն ու գնահատականները մենք դեռևս պետք է քննարկենք համապատասխանաբար ձեռք բերված ապացույցների համադրման արդյունքում. ընդ որում՝ այդ ապացույցներն առնչվում են ինչպես անմիջապես դեպքին, այնպես էլ՝ նախորդող և հաջորդող բոլոր իրադարձություններին: Հետևապես, դեպքին հաջորդող և նախորդող իրադարձություններում ներգրավված և որևէ կերպ առնչված յուրաքանչյուր անձի գործողությունների իրավական գնահատականը հաջորդելու է»,- հայտարարել է զինվորական դատախազը։
Անդրադառնալով դեպքի տեսաձայնագրությունը առգրավելու եւ այն հանրությանը ներկայացնելու հարցադրումներին՝ Գ.Կոստանյանը փաստելով, որ տեսագրությունը, տեսաձայնագրող սարքերն ու սարքավորումները առգրավվել են, նշել է.
«Այո՛, դրանք գտնվում են նախաքննություն իրականացնող մարմնի տրամադրության տակ: Այս պահին դրա հրապարակման անհրաժեշտությունը չկա. նկատի ունենալով, որ սարքերը տրամադրվել են փորձագետներին՝ համապատասխան փորձաքննություններ կատարելու համար: Այնուհետև մենք հանրությանը կտեղեկացնենք և հնարավորություն կտանք դիտելու հատվածներ, իսկ նախաքննության ավարտից հետո՝ արդեն դատաքննության ընթացքում, նկատի ունենալով, որ դատաքննությունը դռնբաց է, հանրությունը հնարավորություն կունենա ինքնուրույն դիտել ամբողջ տեսաձայնագրությունը և գնահատականներ տալ: Համենայնդեպս, փոխհրաձգությանը մասնակցած անձանցից 2-ը կալանավորված են: Մեկ անձը մահացել է, իսկ մյուս անձի՝ Արտակ Բուդաղյանի գործողություններին առանձին գնահատականներ կտրվեն»:
Փոխհրաձգությանը 4 անձի մասնակից լինելու վերաբերյալ լրագրողի ճշգրտող հարցադրմանն ի պատասխան՝ զինդատախազը նշել է.
«Այո, հասկանում եմ՝ ձեր հարցն ինչ ուղղվածություն ունի: Կարող եմ միանշանակ ասել և դուք հետագայում տեսաձայնագրություններով կհամոզվեք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում և փոխհրաձգությանը չի մասնակցել: Դա փաստ է, որում դուք ինքներդ կհամոզվեք: Դա արձանագրված է ժապավենի վրա, որը դիտելուց հետո դուք ինքներդ կհամոզվեք դրանում»:
Գեւորգ Կոստանյանը նաեւ երաշխավորել է, որ քրեական գործով կապահովվի քննության օբյեկտիվությունը, լրիվությունն ու ամբողջականությունը։ «Արդարադատությանն ուղղված ցանկացած գործունեություն իր հիմքում ունի մի շարք գործոններ։ Ամենակարևոր գործոնը հանրային վստահությունն է, որ պետք է լինի: Հետևաբար, արդարադատությանն ուղղված գործունեությունը պետք է ունենա բարոյական հենք և իրավական հիմք: Որևէ կաշկանդվածություն ոչ միայն չի կարող լինել, այլ որևէ կաշկանդվածությունը՝ քննիչի, դատախազի, իմ ու հետագայում դատարանի կողմից կարող ենք համարել անբարոյական վարքագիծ»,- հայտարարել է զինդատախազ Գ.Կոստանյանը եւ ավելացրել. «Քաղաքական կամ որևէ այլ նրբերանգները չեն կարող ազդել նախաքննության օբյեկտիվության ու բազմակողմանիության վրա: Արդեն ասացի՝ այն պարզ պատճառով, որ մենք առնվազն բարոյական պարտականություն ու պատասխանատվություն ունենք առաջին հերթին մեր երեխաների, մեր և հանրության առաջ»:
Նա նաեւ նշել է, որ նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում չեն կարող հրապարակվել, սակայն հանրությանը թույլատրելիության սահմաններում պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի։