Երեւանի ավագանի ընտրելու համար մայրաքաղաքում բնակվող հաշմանդամ ընտրողներից շատերը երեկ ստիպված են եղել մի շարք խոչընդոտներ հաղթահարել ընտրատեղամասեր հասնելու համար: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանն Aravot.am-ին պատմեց, որ, երբ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 44 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին հարցրել է, թե ինչո՞ւ ընտրատեղամասը հարմարեցված չէ հաշմանդամ մարդու համար, վերջինս պատասխանել է. «Բա մենք ինչի՞ համար ենք այստեղ նստած, գայիք, կանչեիք, կգայինք, կգրկեինք, կբարձրացնեինք ձեզ»:
Զարուհու ներկայացմամբ. «Ես էլ հանձնաժողովի նախագահին ասացի` բայց դուք ինձ հարցրե՞լ եք, ես ուզում ե՞մ, որ դուք ինձ գրկեք: Եվ բացի այդ, ես պետք է կարողանամ հասնել չէ՞ ընտրատեղամաս, որ դիմեմ իրենց օգնությանը»:
Զարուհի Բաթոյանի խոսքերով, ինքն ամեն անգամ այդ ընտրատեղամասում է գնում ընտրության եւ ամեն անգամ դժվարությունների գնով է հասնում քվեախցիկին. «Երեկ, երբ մոտեցա, դպրոցի, դարպասները փակ էին եւ ես մի 150 մետր պետք է քայլեի մինչեւ դպրոցի շենք, մեքենա բնականաբար չէր կարող մոտենալ, ես քայլելու դժվարություն ունեմ, բավական երկար ժամանակ եւ ջանքեր պահանջվեց այնտեղ հասնելու համար, եթե սայլակով լինեի ընդհանրապես չէի կարող մոտենալ, որովհետեւ դպրոցի դուռը մեծ շեմ ունի, մոտեցա, դռան մոտ երկու աստիճան կար, որը շատ հեշտ էր հարմարեցնել հաշմանդամ մարդկանց համար, կամ նույնիսկ կարող էին ժամանակավոր թեքահարթակ դնել, որը չկար: Պարզապես` մարդիկ չեն մտածել այդ մասին եւ դա չեն կարեւորել»:
Նույն խնդրի վերաբերյալ դժգոհություններ Զարուհին լսել է նաեւ իր ընկերներից, որոնք նույնպես տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեն. «Մշտապես բախվում ենք այդ խնդրի հետ: Կամ թեքահարթակները շատ անհարմար են եղել, կամ ընդհանրապես չեն եղել, դրանք մեր քաղաքի դպրոցներն են, մանկապարտեզներն են որեւէ մեկիս համար նորություն չեն, դրանք այն հաստատություններն են, որոնցից ամեն օր օգտվում են երեխաները, ուսանողները, մարդիկ եւ համատարած անմատչելիություն է եւ միայն ընտրությունների համար դժվար թե իրենք կարողանային հարմարեցնեին: Եթե դա այդքան կարեւորեին՝ այդ ամենն արդեն արված կլիներ»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ