Կարինեն լալիս էր երջանկությունից: Սիրահարվել էր առաջին անգամ. «Նրան տեսնելիս հուզվում էի, սիրտս արագ ու արագ էր աշխատում, աչքերս փայլում էին, ոտքերս թռչել ուզում: Ես գուշակում էի, որ դա սեր է»,-պատմում է նա:
Ռուբենը նրա կոլեգայի՝ Մարիի եղբայրն էր: Աղջիկն աշխատում էր հագուստի խանութներից մեկում. «Ապրիլի 7-ին շատ ուշ վերջացրինք գործը, նա եկավ Մարիին տուն ուղեկցելու: Հենց տեսա, ամաչեցի ու նույնիսկ բարևին չպատասխանեցի, իրեն էլ թվաց, թե չեմ լսել, հետո սկսեց հաճոյախոսություն անել, թե շատ սիրուն եմ, չգիտեր, որ իր քույրն այսքան հաճելի ընկերուհի ունի, որ իմանար շուտ կգար… Իսկ նա այնքան գեղեցիկ էր ՝ ասես գծած դիմագծերով տղամարդ լիներ»: Տղան առաջարկում է Կարինեին նույնպես տուն ուղեկցել, վերջինս մերժում է, այնինչ Ռուբենը պնդում է: Ճանապարհին ծաղիկներ է գնում ու նրանց նվիրում. «Ալ կարմիր վարդեր էին: Տվեց ու ասեց, թե ոնց կարող էր մեր նման սիրուն աղջիկների տոնը չշնորհավորել: Մի քիչ զարմանալի էր նրա արարքը, որովհետև դա կարող էր չանել… բայց ես սիրահարվել էի առաջին հայացքից ու ինձ շատ լավ զգացի նման ուշադրությունից»,-պատմում է Կարինեն: Հավաստիացնում է . «Ես այն աղջիկներից չեմ, որ մեկին հավանեմ ու տարիներով ձևեր թափեմ, սիրում եմ անմիջականնությունն ու անկեղծությունը»:
Նրա ՝ այս հատկանիշները գնահատեց նաեւ Ռուբենը: Հաճախակի տուն ուղեկցելն ու որևէ սրճարան այցելելը դարձավ սովորություն, որը նպաստեց նրանց մտերմությանն ու սիրուն. «Սկզբում շատ էի քաշվում: Նրա ներկայությամբ շատ քիչ էի խոսում, կարմրում էի: Բնականաբար Մարին նկատել էր: Իդեպ, մենք ավելի մտերիմ էինք դարձել, նա անընդհատ ակնարկում էր , որ շատ լավ կլինի, որ իր հարսիկը լինեմ»:
Կարինեն հիշում է՝ մի օր տղան տուն ուղեկցելիս առաջարկում է կինո գնալ, իսկ Մարին ասում է, որ ինքը պայմանավորված է իր նախկին դասընկերուհիներից մեկի հետ և չի կարող նրանց միանալ. «Ահավոր վախեցած էի, առաջին անգամն էր, որ մենք առանձին էինք՝ առանց Մարիի: Կինոն չէինք նայում, ես մտահոգ նստած էի, նա էլ անընդհատ խոսեցնում էր: Վերջում ասեց, որ ինձ սիրում է, ուզում է, որ ընկերություն անենք: Ես հասկացա, թե ինչու էր Մարին պայմանավորված իր նախկին դասընկերուհիներից մեկի հետ»:
Կարինեն մերժում է. «Չգիտեմ ինչո՞ւ մերժեցի, հաստատ չէի ուզում ժամանակ ձգեի, ինքս էլ չհասկացա՝ ինչո՞ւ ասացի չէ: Եկա տուն, լացեցի: Հաջորդ օրը գործի չգնացի ու էլի լացեցի: Սիրահարվել էի…Սիրում էի… Ապրում էի…Ինքն էլ ինձ էր սիրում… Մտածում էի՝ երևի կհիասթափվի ինձնից, էլ չի մոտենա…»,-հիշում է նա:
Իզուր էր մտահոգվում, ճիշտ է՝ տղան որոշ ժամանակ չի «անհանգստացնում» Կարինեին, բայց կրկին հայտնվելուն պես ասում է. «Կարինե, ես որոշել էի այլևս քեզ չանհանգստացնել, բայց չկարողացա ինձ տիրապետել: Խնդրում եմ՝ արի միասին լինենք…»: Աղջիկն այս անգամ համաձայնում է. «Ամենաերջանիկ օրերիցս մեկն էր: Ես վերագտա նրան: Բայց եթե անկեղծ լինեմ, եթե նա չգար ու չասեր այդ, ապա ես դա կանեի: Ի վերջո, սերն այնքան ուրախ ու երջանիկ բան է՝ կյանքի ամենամեծ հաճույքը»:
Նազենի Բաղդասարյան