«Դարդս տվի քարին, քարը ճաքավ, դարդս տվի ձորին` չդիմացավ: Ցավս ո՞ւմ տամ, ում էլ տամ` չի վերցնի»,- երեկ 9/25 ընտրատարածքում Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի էքսպրոմտ կարդաց մի տարեց ընտրող` մի քիչ Իսահակյանից, մի քիչ էլ Շիրազից խոսքերն իրար խառնած:
Տարեց այս ընտրողի դարդը, ինչպես ինքն ասաց` շատ է, եւ եկել էր ընտրատեղամաս` ակնկալիքով, որ որեւէ պաշտոնական դեմք կամ «հարց լուծող» կհանդիպի ու իրեն «ձեռք կմեկնեն»: Բայց յդպես էլ նրան ոչ ոք, ոչ մի օգնություն չառաջարկեց` գոնե մեր ներկայությամբ:
Արդյոք նրան ընտրության դիմաց որեւէ բան են խոստացել, մեր այս հարցին, տարեց ընտրողը խուսափեց պատասխանել, հավանաբար տարածքում գտնվող մի խումբ երիտասարդների ներկայությունը նրան վախեցրեց. Նա միայն ասաց. «Ուր գնաց էն տղեն, ասեց մի բան կանենք, ո՞ւր գնաց, պիտի գան տունս տեսնեն, մահամերձ կինս պառկած ա»:
Էդ դարդի մեջ ընտրելու հավես էլ ունեի՞ք, մեր այս հարցին էլ տարեց մարդն ասաց`«Էս նոր ա, մի տարի ա գլխիս թափվել` սեւ, մութ ամպեր, դուման ա հագել: Ռաբիզի կուլակ Ռուբոն եմ ժամանակին եղել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ