Այսօր «Մեդիա կենտրոնում» «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը խոսելով ավագանու ընտրությունների արդյունքների մասին, ասաց. «Պետք է ասեմ, որ շնորհավորելու առիթ այնքան էլ չկա, քանի որ քաղաքական ուժերը պետք է ներողություն խնդրեն հասարակությունից, քանի որ ավելի լավ ընտրություններ չեն կարող կազմակերպել: Ընտրությունները պետք է ազատ եւ արդար լինեն, բացի այդ` ընտրողը պետք է կարողանա ազատ արտահայտել իր կամքը: Ավագանու ընտրություններում խոչընդոտներ եղան «Բարեւ Երեւանի» հավաքների ժամանակ: Զանգվածային կուտակումներ, ուղղորդման ակնհայտ փորձեր, գունավոր գրիչների եւ այլ դեպքերով»:
Սաֆարյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է միավորվեր մինչ այս ընտրությունները: Հասարակությունը պատժեց ինքն իրեն` կաշառք վերցնելով, բայց պատժեց նաեւ քաղաքական ուժերին, քանի որ նրանք անտարբեր էին նախագահական ընտրություններին:
«Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է սրանից հետեւություն անեն: Կարեւոր հաղթանակի կհասնենք միայն այն դեպքում, երբ միասնական լինենք, իսկ առանձին բոլորն էլ կարող են փոքր հաղթանակներ արձանագրել»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգությունը» համաձայնության եկան որոշ տեղամասերում պաշտպանել իրենց քվեն, բայց՝ «Ինչը պաշտպանենք, եթե դա արդեն անազնիվ քվե էր: Լավ կլիներ, եթե բոլոր չորս քաղաքական ուժերը դատապարտեին ընտրակաշառք բաժանելու դեպքերը, բայց դա չեղավ: Ես վստահ եմ, որ 99%-ով ապահովել ենք մեր քվեները: Արձանագրել ենք այն, ինչ կա: Փորձում էին ներկայացնել, որ «Ժառանգության» վստահված անձինք գործարքի մեջ են ՀՀԿ-ի հետ, բայց դա ճիշտ չէ»:
ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին էլ Սաֆարյանը հետեւյալն ասաց. «Ավագանիում մի խնդիր կա`այն է, թե որ դաշտում է գործելու ԲՀԿ-ն: Եթե ավագանու կազմում կհստակեցնի իր դիրքորոշումը, կունենանք գործողությունների ընդհանուր հենք, ապա կարող ենք համագործակցել: Եթե ԲՀԿ-ն ընդդիմադիր հռչակեց իրեն, ապա, այո, կհամագործակցենք, իսկ եթե ոչ, ապա մենք կունենանք այն պատկերը, որն ունեցել ենք մի քանի տարի առաջ` երբ ԲՀԿ-ի նախկին ավագանու անդամները քվեարկում էին ՀՀԿ-ի որոշումների տակ՝ կամ ձեռնպահ է մնում»:
Սաֆարյանը նաեւ նշեց՝ « ԲՀԿ-ն մեզ հետ տեղամասում խաղում էր մեր խաղի կանոններով, տեղամասից դուրս` ՀՀԿ-ի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև