Բաքվում անցկացված ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստից հետո ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն այսօր հանդիպել է ԶԼՄ-ների հետ:
Խոսելով քննարկված 50-ից ավելի հարցերի մասին` կազմակերպության ղեկավարը նշել է, որ օրակարգում գլխավորը եղել է աշխարհի չեմպիոնի կոչման համար Անանդ-Կարլսեն մրցամարտի անցկացման վայրի մասին հարցը: Իլյումժինովի խոսքերով, նախորդ օրը Հնդկաստանի շախմատային ֆեդերացիայի հետ արդեն ստորագրվել է համապատասխան պայմանագիր, թեեւ մրցամարտի անցկացմանը հավակնում էին նաեւ Օսլոն ու Փարիզը եւ Նորվեգիայի շախմատի ֆեդերացիան օրերս մրցավայրի ընտրության կարգի մասին պաշտոնական նամակ էր գրել ՖԻԴԵ: «Նախագահական խորհրդի նիստը, քննարկելով բոլոր առաջարկները, որոշեց, որ այն կայանալու է Հնդկաստանի Չաննայ քաղաքում», – հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահը: Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն աշխարհի չեմպիոնի կոչման համար նախորդ մրցամարտից առաջ, դեռ 2011 թվականին խոստացել էր հաջորդը տալ Հնդկաստանին:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե Կարլսենը հրաժարվի խաղալ Չաննայում, Իլյումժինովը պատասխանել է կարճ. «Հավակնորդ կդառնա հաջորդը` Վլադիմիր Կրամնիկը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև