Google ընկերությունը ձեռք է բերել նորությունների ագրեգատոր Wavii, որն, ըստ փորձագետների, արժե 30 մլն դոլար: Ծառայությունը, որը թողարկվել է դեռևս անցյալ տարի, օգտատերերին առաջարկում է յուրօրինակ նորությունների ժապավեն, ներառյալ՝ ընկերների նորությունները, սոցիալական կայքերում և բլոգներում նշումները, այս մասին հաղորդել է BBC-ն, և հավելել, որ շրջանառվող լուրերի համաձայն, Apple ընկերությունը նույնպես ցանկացել է ձեռք բերել այս ագրեգատորը, որպեսզի այն ներառի iPhone-ի համար նախատեսված Siri ծառայությունում:
Google-ի նորույթի՝ Google Glass-ի կիրառման տարրական գիտելիքների մասին է պատմում Youtube-ում հայտնված տեսանյութը: Ակնոցը դնելուց հետո այն միացնելու համար պետք է պարզապես դիպչել ակնոցի պոչին: Միանալուց հետո կկարգավորվեն ժամային գոտիները, կառաջարկվի ծանոթանալ եղանակի տեսությանը: Այս և մյուս գործառույթների մասին առավել մանրամասն ծանոթացեք հետևյալ տեսանյութով:
Gmail-ի օգտատերերը այսուհետ պետք է ավելի զգույշ լինեն. «Կեղծ նամակ է գալիս։ Վտանգավորն այն է, որ հայկական ազգանունով ա, գիտեք, մենք տենց բաներից զգոնությունը 314 անգամ թուլացնում ենք։ Այս նամակը ձեզ կհամոզի մտնել իբր Gmail եւ մտցնել ձեր գաղտնաբառը։ Ու կգողանա, քանի որ կեղծ էջ ա», – գրել է Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցի եկամուտները ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին աճել են 38 տոկոսով՝ հասնելով 1.46 միլիարդ դոլարի: Ցուցանիշը ներկայացվում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Դիտարկվող եռամսյակում ընկերության մաքուր շահույթը կազմել է 219 մլն դոլար, ինչը 14 միլիոնով ավելի է 2012-ի առաջին եռամսյակի համեմատ:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, անկախ եկամտի աճից՝ Facebook-ը աստիճանաբար կորցնում է իր օգտատերերին: Նախորդ շաբաթ ամենախոշոր սոցիալական ցանցը կորցրել է 6 մլն օգտատերերի կամ լսարանի 4 %-ը, հայտնել է vesti.ru-ն: Կրճատվել են նաև Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ճապոնիայի օգտատերերը, որտեղ Facebook-ը բավականին ամուր դիրքերում էր:
Տիգրանուհի Թասլակյան