Այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած հ/կ-ներն իրենց դժգոհությունը հայտնեցին արձանագրած կոպիտ խախտումների վերաբերյալ:
Transparency International կազմակերպությունից Սոնա Այվազյանը հայտնեց, որ իրենք 7, 8, 12, 13 ընտրատեղամասերում են եղել ու մի շարք խախտումների ականատես եղել. «Որոշ տեղամասերում հարցերը կարգավորվում էին ԱԺ պատգամավորի՝ Սամվել Ալեքսանյանի մակարդակով: Մենք այսօր մինչեւ ժամը 6-ը բողոքներ ենք ներկայացնելու ԿԸՀ»:
«Մենք ծածկել ենք 26 ընտրատեղամաս 54 դիտորդով. հանձնաժողովների ներսում համակարգված համագործակցություն էր այն դիտորդների հետ, ովքեր նաեւ վստահված անձինք էին ու համագործակցում էին հանձնաժողովի անդամների հետ», – նշեց. «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հ/կ ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը:
iDitord կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ 417 ահազանգ են արձանագրել, որոնցից մեծ մասը հենց ընտրության օրն է եղել, այդ ահազանգերից մոտ 30-ն են կասկածելի. «Էս անգամ այնպիսի տպավորություն էր, որ ժամը 20:00-ից հետո քաղաքական ուժերը համարեցին, որ ներկայացումն ավարտված է»,- նշեց նա:
Կարդացեք նաև
APR Group-ից Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ ընտրատեղամասերի հանձնաժողովներն այս անգամ վատ էին պատրաստված, քանի որ իրենք տարբեր ընտրացուցակներում նկատել են նույն մարդու անուն -ազգանունը, նույն ծննդյան թվով՝ գրանցված տարբեր տեղերում:
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հ/կ նախագահ Ալեքսանդր Շագաֆյանն էլ հայտնեց, որ իրենք աշխատել են 85 դիտորդով 11 եւ 12 ընտրատարածքներում. «Մեզ մոտ կուտակումները նկատվել են ավելի շատ առավոտյան ժամերին՝ 9-11-ի հատվածում: Մի քաղաքացու մոտ 4 քվեաթերթիկ եւ 4 ծրար է հայտնաբերվել, հանձնաժողովը կանխել է քվեարկությունը»:
«Տարածքային հետազոտությունների եւ զարգացման կենտրոն» հ/կ-ից Սաթիկ Բադեյանն էլ հայտնեց, որ իրենք 120 դիտորդով ծածկել են ամբողջ 3-րդ ընտրատարածքը, դիտորդներ են ունեցել 3-րդ ու 6-րդ ընտրատարածքներում, հանձնաժողովի նախագահները փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել իրենց դիտորդներին, բայց դիտորդները չեն խեղճացել:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ից Արտակ Կիրակոսյանն էլ հավելեց, որ ժամը 20-ից հետո որոշ դիտորդների թույլ չեն տվել ներս մտնել, ստիպված են եղել ԿԸՀ-ի հետ անընդհատ պարզաբանել իրավիճակը. «Ճնշողների մի մասը ներկայանում էին որպես ՀՀԿ վստահված անձինք, ձայների հաշվարկը սկսվել է լարված մթնոլորտում, իրավիճակը հարթվել է միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ՀՀԿ-ն հաղթում է:
Մրցակցություն էր թաղի տղերքի ու քաղաքի աղջիկների միջեւ»:
«Արմավիրի զարգացման կենտրոնից» Նաիրա Առաքելյանն էլ ասաց. «Կան ընտրատեղամասեր, որոնց արդյունքները եթե համապատասխանեցվեն մեր Ընտրական օրենսգրքին, ես, այս երկրի քաղաքացի լինելով, մեծ հիասթափություն կապրեմ»
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ