ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական, ՀՀԿ ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանը երեկ առավոտից մինչեւ կեսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/8 եւ 8/9 տեղամասերում համատեղության կարգով ՀՀԿ-ի վստահված անձ էր ներկայանում` համապատասխան բեյջով:
Նա, ի դեպ, որպես ՀՀԿ-ի վստահված անձ, ժամանակ առ ժամանակ խոչընդոտում էր Գյումրու «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի աշխատանքը եւ նրան վեճի էր հրահրում ` սադրիչ անվանելով:
Նա իր անձնական բջջային հեռախոսով, գրեթե Կ. Հարությունյանի աչքը մտցրած, նկարահանում էր նրան` հարցնելով. «Ասա, դե հիմա ասա, ի՞նչ էիր ասում»:
Հենց այս երիտասարդին, ով տեղամասում աչքի էր ընկնում իր «ռազբորկաներով», ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը տեղամաս այցելելով, հորդորեց. «Մոսո ջան ոչ մի խնդիր մի ստեղծեք»:
Կարդացեք նաև
Արդեն երեկոյան Մեսրոպ Մանուկյանը 8/9 տեղամաս եկավ վերնաշապիկի հետ նաեւ բեյջը փոխած: Երեկոյան նա արդեն ոչ թե վստահված անձ էր, այլ ավագանու թեկնածու` համապատասխան բեյջով: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է հաջողվել միաժամանակ եւ վստահված անձ եւ ավագանու թեկնածու լինել, նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ