Այսօր «Մեդիա կենտրոնում» ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած հ/կ-ները ներկայացրեցին իրենց եզրակացությունները: «Այս ընտրությունները բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին. սա մեր ընդհանուր գնահատականն է»,- հայտնեց «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, հայտարարելով, որ այս ընտրություններում դիտորդների անվան տակ շատ մարդիկ են աշխատել:
Դառնալով արձանագրած խախտումներին, Իշխանյանը նշեց, որ մարդկանց մեքենաներով բերել են ընտրությունների, հոգեբանական ճնշումների դեպքեր են արձանագրվել, ինչպես նաեւ խոչընդոտվել է լրատվամիջոցների, դիտորդների աշխատանքը ընտրատեղամասերում. «Երեք կազմակերպություն՝ «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոնը», «Տնտեսական զարգացման կենտրոնը» ու եւս մեկը աշխատել են ՀՀԿ-ի օգտին եւ մեկ կազմակերպություն էլ՝ «Համահայկական երիտասարդական ասոցիացիան», աշխատել է ԲՀԿ-ի օգտին: Ես դիմում եմ ԿԸՀ-ին, թող պարզեն, թե ինչպես են այս կազմակերպությունները խախտելով օրենքը գրանցվել:
Այս հայտարարությունն անում եմ բոլորիս կողմից, որովհետեւ մենք փոխադարձ համաձայնության ենք եկել: Փաստորեն ստացվեց, որ այս ընտրություններում, ուժեղ աշխատանքի արդյունքում Տարոն Մարգարյանը հաղթեց»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ